Մատչելիության հղումներ

ԱԳՆ․ Հայկական պատվիրակությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում բացահայտեց ադրբեջանական կեղծիքները


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, «որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից»: «Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրև թե ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը և այլն», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նշվեց նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է», - ասված է հաղորդագրությունում:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունն է հրավիրել այն հան­գա­ման­քի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակը, ինչն անթույլատրելի է: ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը կոչ է արվել հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից կազ­մա­կեր­պու­թյան ան­վան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG