Մատչելիության հղումներ

Կոռուպցիոն սկանդալ Ռուսաստանի գլխավոր դատախազի շուրջ


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա, արխիվ

Նավալնին հրապարակել է ֆիլմ-հետաքննություն՝ ներկայացնելով կոռուպցիոն սխեմաները, որոնց շնորհիվ Չայկայի ընտանիքը հսկայական հարստություն է կուտակել։

Համացանցում արդեն երկու օր է ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ կապված կոռուպցիոն սկանդալը։ Երեքշաբթի օրը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է 40-րոպեանոց ֆիլմ-հետաքննություն, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ հարստություն ունի գլխավոր դատախազի ընտանիքը, մասնավորապես նրա որդին՝ Արտյոմ Չայկան։

Ֆիլմը համացանցում դիտել է շուրջ 700 հազար մարդ։ Այստեղ ներկայացված են կոռուպցիոն այն սխեմաները, որոնց շնորհիվ Յուրի Չայկայի որդին հսկայական հարստություն է կուտակել։

Արտյոմ Չայկան, օրինակ, վերջերս Հունաստանում բացված ամենաշքեղ հյուրանոցի սեփականատերերից է։

Ամենասկանդալային տեղեկությունն այն է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազի որդուն և գլխավոր դատախազի տեղակալի նախկին կնոջը պատկանող ընկերության համասեփականատերերն են քրեական աշխարհի հայտնի դեմքեր, այդ թվում՝ Ցապոկ ընտանիքի անդամները։

«Մեր ֆիլմում այն տեղեկությունն է, որ մենք ուզում ենք հասցնել 140 միլիոն ռուսաստանցիներին. գլխավոր դատախազությունը մի մարմին է, որ պետք է զբաղվի հանցագործության դեմ պայքարով, փոխարենը՝ այն գլխավորում են իսկական բանդիտներ, ովքեր կապված են ամենադաժան հանցագործների հետ», - հայտարարել է Նավալնին։

Ֆիլմը ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղադրել են իրենց կայքերում։ Սկանդալին անդրադարձել են նաև Պետդումայում, մասնավորապես՝ հարցը բարձրացրել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը, ով առաջարկել է կոմունիստներին զբաղվել այս խնդրով։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունից, սակայն, մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի հնչել։ Լրագրողները ֆիլմի մասին հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Վերջինս ասել է, որ Կրեմլում դեռ չեն դիտել այդ ֆիլմը, քանի որ խիստ զբաղված են նախագահի ավանդական տարեկան ուղերձով։ Իսկ Պուտինն ուղերձով հանդես է գալու այսօր։

XS
SM
MD
LG