Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի պաշտոնական կայքի, նշել է, որ Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում, և մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար, և նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Յան Համաչեկը ևս բարձր է գնահատել հայ-չեխական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակն ու հաստատված սերտ կապերը, երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ իրականացվող գործնական ակտիվ աշխատանքը: Նա կարևորել է այդ ամենի հետ միասին տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործումը, ընդգծելով, որ խորհրդարանականները պատրաստ են աջակցելու այդ ոլորտում հարաբերությունների ընդլայնմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG