Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը դիմելու է դատախազությանը՝ Ազատության հրապարակում հնչեցված հայտարարությունների առնչությամբ


Ոստիկանությունը հայտարարում է, որ այսօր Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հնչեցված հայտարարությունների առնչությամբ պաշտոնապես դիմելու է դատախազությանը պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով: Միաժամանակ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ, ասված է Ոստիկանության հայտարարությունում։

Ոստիկանությունը, մասնավորապես պարզաբանում է, որ «Նոր Հայաստան» շարժման հավաքի ընթացքում այսօր հայտարարություն է հնչել, թե ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսևորած անգործության պայմաններում:

«ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը հայտնում է, որ դատախազություն դիմում է՝ «հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ և անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG