Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ-ում «Նոր Հայաստան»-ի առաջնորդների իշխանափոխության կոչերը հեքիաթ են համարում


Դաշնակցության ներկայացուցիչը Քանաքեռավանում

Դաշնակցության ներկայացուցիչը Քանաքեռավանում

Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող Դաշնակցությունում «Նոր Հայաստան» շարժման առաջնորդների խաղաղ իշխանափոխության կոչերը հեքիաթ են անվանում։

Դաշնակցական Բագրատ Եսայանի խոսքով՝ փողոց դուրս գալով իշխանություն չի փոխվի, մանավանդ, որ Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիների թիվը, ըստ նրա, քիչ է։

«Իշխանափոխություն անելը հնարավոր չէ։ Ուրեմն պետք է շատ մեծ արյուն թափվի, եթե մարդիկ կան, որ ձգտում են դրան, դա մեր ճանապարհը չէ։ Մենք չենք ընդունում, ոչ թե չենք հասկանում այդ մարդկանց, այլ չենք ընդունում այդ ճանապարհը Հայաստանի համար առնվազն»,- ասաց Եսայանը։

Բագրատ Եսայանը պնդեց՝ Ազատության հրապարակում հավաքվածները հայրենասեր և անձնազոհ մարդիկ են, պարզապես պետք է կարդան նախագիծը և հասկանան, որ «ոչ» ասելով պահպանում են գործող Սահմանադրությունը, որի արդյունքում չկա արդարադատություն, կան օլիգարխներ։

«Այսօր հրապարակում նստողները ի՞նչ են ուզում, որ մի անձը փոխվի, բայց համակարգը գոյատևի՞։ Լավ, չի կարելի այդքան վերլուծական ուղեղից զրկված լինել։ Երբ դու ունենում ես երրորդ նախագահը և ունենում ես նույն համակարգը, պետք է հասկանաս, որ եթե չորրորդն էլ գա, փոխվի միայն անձը, համակարգը մնա նույնը, դու ունենալու ես նույն իրականությունը»,- ասաց ՀՅԴ-ի ներկայացուցիչը։

Դաշնակցական գործիչը այսօր Քանաքեռավան գյուղում «Այո»-ի քարոզչություն էր իրականացնում։ Խիստ քննադատեց Հանրապետական կուսակցությանը, ասաց, որ շատ բաներ են խոստացել ընտրությունների ժամանակ, բայց իրականությունը այլ է։ Պնդեց, որ հիմա Հայաստանում իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում է։ «Մի կուսակցությունը այս Սահմանադրությամբ ունի ամբողջական իշխանություն։ Այսինքն միակուսակցական համակարգը էլ ո՞նց է լինում, հո պոզով-պոչո՞վ չի լինում»։

Խնդիրների լուծումը, ասաց, միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի լինի, գյուղացիներին բացատրեց, որ պետք է կաղապարը՝ այսինքն համակարգը փոխել, ոչ թե նրա պարունակությունը։ Քանաքեռավանցիներից մեկն էլ հարց տվեց՝ իսկ եթե նոր համակարգում էլ հանրապետականները ընտրությունները կեղծեն.- «Ղեկավարությունը, կառավարությունը գետինը մտնի, որ իրա քաղաքացին 5000 դրամի, 5 օրվա հացի փողի համար իրա ձայնը ծախում է։ Պիտի ամոթից մեռներ էդ կառավարությունը»։

«Այո՛, էդ երևույթը կա, ցավոք սրտի, փողը վերցնում են, ձայնը տալիս են, բայց ես չեմ համարում, որ դա ժողովրդի ճնշող մեծամասնությունն է և որոշող մեծամասնությունն է»,- արձագանքեց Եսայանը։

Դաշնակցականը պնդեց, որ հանրապետականների հեռացումը միայն ընտրությունների միջոցով է հնարավոր, և պատմությունից օրինակներ բերելով ասաց, որ փողոց դուրս գալը հարց չի լուծում։ Հանդիպումից հետո մեզ հետ զրույցում գյուղացիները ասում էին, որ փոփոխություններին «այո» են ասելու, թեև չէին բացատրում՝ ինչն են հավանել առաջարկվող նախագծում։

«Ամեն ինչը հավանել եմ, էդ ղեկավար փոխողներին՝ Հայաստանի գայլերին»,- ասաց տարեց մի քանաքեռավանցի։

XS
SM
MD
LG