Մատչելիության հղումներ

logo-print

2013-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ, ըստ Գյումրու «Կոմպաս» հետազոտական կենտրոնի, իրենց դիտարկած տեղամասերից յուրաքանչյուրում ընտրողների թիվն ավելացել է մի քանի տասնյակով:

Գյումրեցի փոստատարը տարակուսած է՝ ընտրություններին մասնակցելու մասին ծանուցում պետք է տանի գոյություն չունեցող հասցեում ապրող բնակիչներին:

«Ազատության» հետ զրույցում փոստարարը, չներկայանալու պայմանով, պատմեց, որ Աթաբեկյան փողոց, թիվ 6 հասցեով, որտեղ իբր 26 մարդ է գրանցված, ծանուցումը այսօր ոչ մի կերպ չի կարողացել տեղ հասցնել, թեև քաղաքի փողոցներն ու տներն անգիր գիտի․ - «Ես քսան տարի էս թաղամասում եմ աշխատում, բայց նման հասցե ես առաջին անգամ եմ լսում: Նման հասցե գոյություն չունի»:

Նույնպես չնկարահանվելու պայմանով մեկ այլ գյումրեցի պատմեց, թե իր ամուսնու մահացած եղբոր անունով հանրաքվեին մասնակցելու ծանուցում է ստացել:

Հանրաքվեից 4 օր առաջ Գյումրու «Կոմպաս» հետազոտական կենտրոնը հայտարարում է ընտրացուցակներում առկա անճշտությունների մասին: Կազմակերպության փորձագետ Կարեն Պետրոսյանի խոսքով, ոստիկանության հրապարակած տվյալներն ուսումնասիրելուց հետո Գյումրիում և Արմավիրում մի քանի տասնյակ հասցեներ են արձանագրել, որտեղ ոչ ոք չի բնակվում, շուրջ 26 ընտրող էլ գրանցված է գոյություն չունեցող հասցեներում, ցուցակներում գտել են նաև մահացածների անուններ:

«Դիտարկված 116 հասցեներում հաշվառվածներից բնակվում է ընդամենը 94-ը: 10 հասցեներից 3 հասցե ընդհանրապես բնակված չի եղել՝ 53 հաշվառված անձի մասին է խոսքը, մեկ հասցե, որտեղ 26 անձ հաշվառված է, բայց այդ հասցեն ընդհանրապես գոյություն չունի», - հավելեց Պետրոսյանը:

Բացի այդ, կազմակերպությունը 51 ընտրատեղամասում արձանագրել է մոտավորապես 25 ընտրողների, որոնք ունեն նույն անուն, ազգանուն, հայրանունը, նույնն են նաև նրանց ծննդյան թիվն ու օրը:

Մոտավորապես 20 տեղամասում որոշ ընտրողների անուն-ազգանունների դիմաց նշված չի եղել նրանց բնակության հասցեն:

2013-ի նախագահական ընտրությունների ընտրացուցակների համեմատությամբ, այս տարի, ըստ հասարակական կազմակերպության, յուրաքանչյուր տեղամասում ընտրողների թիվն ավելացել է մի քանի տասնյակով:

Այս առումով ռիսկային 100 տեղամաս է առանձնացվել, որոնցից, օրինակ, Սևանի ընտրատեղամասերից մեկում այս տարբերությունը հասնում է 845-ի:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե տարօրինակ ու անհասկանալի է, որ հասարակական կազմակերպությունն այս ամենը ներկայացնում է ընտրացուցակներում անճշտությունները շտկելու համար նախատեսված ժամկետի ավարտից մեկ օր անց:

Իսկ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ընդգծեց, որ թեև ժամկետն անցել է, բայց ոստիկանությունը կուսումնասիրի ներկայացված պնդումները և ամեն ինչ կանի, որպեսզի անճշտությունները բացառվեն վերջնական ցուցակներում, որոնք կհրապարակվեն հանրաքվեից երկու օր առաջ:

XS
SM
MD
LG