Մատչելիության հղումներ

Հայաստանում, սակայն, կարծում են, որ այն բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի, ինչպես նաև ԼՂ բանակցային գործընթացի վրա:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ ռուս-թուրքական լարված հարաբերություններն ի վերջո կհանգեցնեն ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական գործողությունների:

«Ռուսաստանը միջուկային գերտերություն է, Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին, որտեղ նույնպես կան միջուկային գերտերություններ։ Այդ բախումը կբերի աշխարհի ոչնչացմանը, և դա բոլորը գիտակցում են։ Նույն Ամերիկայում հնչում է Թուրքիայի հանդեպ քննադատություն: Այնպես որ ես համոզված եմ՝ դա չի բերի ռազմական հակամարտության»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համակարծիք է, որ այս լարումը չի հանգեցնի ռազմական գործողություններրի: Ըստ նրա, Պուտինի և Էրդողանի «համարձակ» հայտարարություններն ավելի շատ ներքին սպառման համար են:

«Սա ավելի շատ PR պատերազմ է, երկու ռեժիմները շատ նման են իրար, երկու նախագահներն էլ նույն ամբիցիաներով, նույն կայսերապաշտական մոտեցումներով, խոսում են իրենց նախկին իմպերիաների վերարտադրման մասին: Այսինքն՝ ցար-սուլթան հարաբերությունների ոլորտում ենք մենք, երկուսն էլ անում են հայտարարություններ, որոնք ավելի շատ, ըստ իրենց, հարիր են սուլթանին կամ ցարին, և դրանք ավելի շատ ներքին օգտագործման համար են»,- ասում է նախկին արտգործնախարարը։

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ այս երկու երկրների սրված հարաբերությունների ֆոնին Հայաստանի վրա անմիջական հարձակում լինել չի կարող, բայց Թուրքիան, ըստ նրա, կարող է որոշ գործողություններ հրահրել Լեռնային Ղարաբաղում:

«Ինքը [Թուրքիան] օգտագործելու է իր լծակները, որպեսզի Ղարաբաղում, մինիմում՝ շփման գծում, ստեղծի տարբեր խախտումներ, կամ դրդի պատերազմի, որովհետև դա իր շահերից է բխում, որ Ռուսաստանը ներքաշվի նաև այստեղ՝ այդպիսով թուլանալով։ Այս դեպքում Ադրբեջանը կարող է գնալ տարբեր խախտումների, բայց ես, իմանալով Ալիևին և այնտեղի իրավիճակը, համոզված եմ՝ նա չի գնա լայնածավալ պատերազմի, որովհետև գիտի դրա հետևանքները»,- շարունակում է պաշտպանության նախկին նախարարը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հաստատած ցանկի համաձայն, դեկտեմբերի 1-ից պատժամիջոցներ կգործեն Ռուսաստան-Թուրքիա ուղղությամբ բոլոր ուղիղ չվերթների, իսկ հունվարի 1-ից՝ նաև ներկրվող թուրքական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս տեղի գործարարների հետ հանդիպման ժամանակ հորդորեց բաց չթողնել այս իրավիճակում առաջացող հնարավորությունները։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, սակայն, Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները Հայաստանի համար բացասական ազդեցություն կարող են ունենալ։

«Սա մեր սանկցիաների երկրորդ փուլն է: Նախ՝ մենք ընկանք սանկցիաների տակ՝ միանալով Եվրասիական տնտեսական միությանը, և այն ոսկե սարերը, որ մեզ խոստանում էր իշխող կուսակցությունը, բոլորդ տեսաք, թե ինչ արդյունքների բերեց:

Իսկ հիմա ցանկացած բան, ինչն արգելում է Ռուսաստանը ներմուծել Թուրքիայից, ավտոմատ կերպով (թեև դա արվում էր երրորդ երկրների միջոցով) Հայաստան էլ մուտք չի գործի։ Եթե մեր սամբիստներն են հրաժարվում նույնիսկ Ստամբուլ գնալ․․․ մենք չպետք է կապկենք այն, ինչ Ռուսաստանն է անում, այլապես շատ բարդ է լինելու: Կոնկրետ ապրանքաշրջանառության առումով Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ունի մեզանից պահանջել՝ չներմուծել թուրքական ապրանքները»։

XS
SM
MD
LG