Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ավանում լարվածությունը չի թուլանում


Նարդարանում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, զենքի ուժով պետական իշխանություն հաստատվեց, կրոնական բովանդակությամբ պաստառներն ապամոնտաժվեին:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 30 կիլոմետր հեռավորությամբ գտնվող բնակավայրն այժմ զարդարված է ադրբեջանական դրոշներով․ դրանք հայտնվեցին երեկ երեկոյան իրավապահների իրականացված հատուկ գործողության ընթացքում:

Ադրբեջանում շիա մահմեդականության գլխավոր կենտրոններից մեկը համարվող Նարդարան ավանում, ինչպես հաղորդվում է, երեկվանից մեկնարկած հատուկ գործողության ընթացքում երկու տասնյակ մարդ է ձերբակալվել: Տարածքում շարունակում է պահպանվել անցագրային ռեժիմը, չկա էլեկտրասնուցում և հեռախոսակապ, խանութները փակ են: Իրավապահները բնակչությանը հորդորում են մնալ տներում:

Նարդարանում հատուկ գործողությունն իրականացվել է իսլամատյացության մեջ Արևմուտքին հաճախ մեղադրող Իլհամ Ալիևի անմիջական վերահսկողության ներքո:

Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Շահին Մամեդովը հայտարարել է, որ հատուկ միջոցառումները շարունակվելու են մինչև ավանում հասարակական կարգի հաստատումը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Նարդարանում «փաստացի իրականացվում են արտակարգ դրությանը բնորոշ միջոցառումներ»՝ առանց այդ մասին պաշտոնապես հայտարարելու:

Երեկ վաղ առավոտյան, հիշեցնենք, Ադրբեջանի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Նարդարանում, որը պաշտոնապես ներկայացվել է որպես «պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ»: Գործողության ընթացքում զոհված 7 անձանցից 2-ը ոստիկաններ էին: Ձերբակալվել է 20 մարդ, ավանը փաստացի շրջափակման մեջ է:

Երկրի դատախազության պաշտոնական հայտարարության համաձայն, Նարդարանի «արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ»:

Իրավապահների և զինտեխնիկայի աննախադեպ տեղակայումը Նարդարանում տեղի ունեցավ մահմեդական տոներից մեկի նախօրեին․ դեկտեմբերի 2-ին շիա մահմեդականները նշում են Իմամ Հուսեյնի սուգի քառասուներորդ օրը: Նարդարանում գտնվող Իմամ Հուսեյնի մզկիթում ավանդաբար ավելի քան քսան հազար մարդ է հավաքվում:

Միջոցառումն այսօր ընդհատվել է՝ իրավապահների հորդորով: «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մարդկանց կարգադրել են տուն վերադառնալ՝ հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ է մնում բախումների ժամանակ զոհված նարդարանցիների հուղարկավորության հարցը: Իշխանությունները զոհվածների հարազատներին հայտնել են, որ դիակները հողին են հանձնվել՝ առանց կոնկրետ տեղանքը մատնանշելու:

XS
SM
MD
LG