Մատչելիության հղումներ

Իսպանիայի Թագավորության Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագիծը առաջադրվել էր խորհրդարանում ներկայացված Mixto խմբի կողմից, և դրան կողմ էին քվեարկել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը: Հայտարարությամբ Արագոնի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերը: Հայտարարությունը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը և քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Հայտարարությունը նաև կոչ է անում Թուրքիային իրականացնել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները և, մասնավորապես, ցուցակագրել հայկական մշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք, 20-րդ դարի ընթացքում գտնվելով իր իրավասության ներքո, ոչնչացվել կամ վնասվել են:

Խորհրդարանի լիագումար նիստին ներկա էր Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոսկույուելայի և Արագոնի կառավարության նախագահ Խավիեր Լամբանի հետ առանձնազրույցների ժամանակ շնորհակալություն է հայտնել հայտարարության ընդունման համար:

Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը Արագոնի խորհրդարանի օրակարգ մտցնելու գործընթացին իր մասնակցությունն է բերել նաև «Հայաստանի եվրոպական ընկերներ» ոչ կառավարական կազմակերպությունը:

Բասկերի երկրից, Կատալունյայից, Բալեարյան կղզիներից և Նավառայից հետո Արագոնը դարձավ Իսպանիայի Թագավորության հինգերորդ համայնքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG