Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կրկին Վրաստանին որևէ հստակ խոստում չի տալիս


Բելգիա -- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացում է դաշինքի համաժողովը, 2-ը դեկտեմբերի, 2015թ.
Բելգիա -- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացում է դաշինքի համաժողովը, 2-ը դեկտեմբերի, 2015թ.

«Վրաստան-ՆԱՏՕ ներկա հարաբերություններում առկա են այն բոլոր գործնական միջոցները, որոնք հնարավոր կդարձնեն այդ երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության նախապատրաստումը»։ Այս ձևակերպումը տեղ գտավ այսօր կեսօրին Բրյուսելում ավարտված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հերթական համաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում: ՆԱՏՕ-ն այս փաստաթղթում հերթական անգամ դիմում է պաշտոնական Մոսկվային` կոչ անելով վերանայել Վրաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը:

«Մենք վերահաստատում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող մեր աջակցությունը: Մենք ողջունում ենք ուժ չկիրառելու վերաբերյալ Վրաստանի ստանձնած պարտավորությունը: Դրա հետ մեկտեղ կոչ ենք անում Մոսկվային վերանայել Աբխազիայի և Հարավային Oսիայի անկախությունը ճանաչելու որոշումները և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից»,- հայտարարում են ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն խոստանում է.- «Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ կքննարկվի նաև գործնական միջոցների կիրառումը: Դրանց թվում կլինեն բարձր մակարդակում քաղաքական երկխոսությունը, ավելի լայնամասշտաբ համագործակցության ծավալումը ռազմավարական կոմունիկացիաների և պաշտպանության ոլորտներում»:

«Մենք շարունակելու ենք աշխատել Վրաստանի հետ: Մենք արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունենք, մասնավորաբար, բարեփոխումների ասպարեզում: Վրաստանը ջանքեր է գործադրում օրենքի գերակայությունն ապահովելու, զինված ուժերն ու պաշտպանական համակարգերն արդիականացնելու ուղղությամբ: Կլինեն նոր զորավարժություններ, կընդլայնվի քաղաքական երկխոսությունը: Հետագայում արդեն մենք կգնահատենք այս բոլոր քայլերի արդյունավետությունը և որոշում կկայացնենք: Այսօր սակայն դժվար է կանխորոշել, թե ինչ որոշում կկայացվի հուլիսին` Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում»,- այսօր հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հատուկ ընդգծելով՝ այն ճանապարհային քարտեզը, որ հաստատվեց դեռ 2008-ին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, շարունակում է ուժի մեջ մնալ:

«Մենք վերահաստատում ենք նախկինում կայացված մեր որոշումները: Դա ընդգրկում է նաև Անդամակցության գործողությունների ծրագրի իրագործում Վրաստանի կողմից»,- ասել Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքից նաև պարզ դարձավ, որ Վրաստանն առայժմ դաշինքին անդամակցել ձգտող այն պետությունների շարքում է, որոնք դեռ շատ անելիք ունեն:

«Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մակեդոնիան առաջընթաց են արձանագրել, ուստի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պետությունների անդամակցության գաղափարին: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս պետությունները հասնեն իրենց նպատակին»,- ասել դաշինքի գլխավոր քարտուղարը։

Հարկ է սակայն նկատել, որ այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի բրյուսելյան համաժողովի գլխավոր հերոսը դարձավ նախկին Հարավսլավիայի հանրապետություններից ամենափոքրը` Չեռնոգորիան, որն էլ դառնալու է Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ լիիրավ անդամը:

«ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները պատմական որոշում կայացրեցին` Չեռնոգորիային անդամակցության պաշտոնական բանակցություններ սկսելու հրավեր ուղարկելով, որպեսզի այդ երկիրը դառնա դաշինքի 29-րդ անդամը: Սա լավ օր է Չեռնոգորիայի, Արևմտյան Բալկանների և ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար»,- նշել է Ստոլտենբերգը։

Այս որոշման հրապարակումից հաշվված ժամեր անց պաշտոնական Մոսկվան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ: «Բազմաթիվ մակարդակներում Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դաշինքի ռազմական ենթակառույցների տարածումը դեպի արևելք չի կարող չհանգեցնել արևելքից կիրառվող պատասխան քայլերի»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Յենս Ստոլտենբերգը, սակայն, չի հասկանում, թե ինչու է Մոսկվան այդքան կտրուկ արձագանքում դաշինքի կողմից կայացված այս որոշմանը:

«Այս որոշումը Ռուսաստանի հետ առնչություն չունի: Սա կապ ունի Չեռնոգորիայի և ՆԱՏՕ-ի հետ։ 28 դաշնակից պետությունները որոշեցին, որ այդ երկիրը պետք է շարժվի դեպի լիիրավ անդամակցություն: Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG