Մատչելիության հղումներ

Առայժմ ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25 տոկոսն է վաճառվել «Տաշիր» խմբին


ՀԷՑ-ի վարչական շենքը

ՀԷՑ-ի վարչական շենքը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ¾-ը շարունակում է մնալ Интер РАО-ի սեփականությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան, ռուսական ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը հայտնեց, որ ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25 տոկոսն է վաճառվել «Տաշիր» խմբին՝ 8 միլիոն 250 հազար դոլարով։ Առքուվաճառքի գործարքը ծրագրված է ավարտել միայն 2017 թվականի վերջին, իսկ մինչ այդ ՀԷՑ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը համատեղ ձեռնարկություններ են:

Փաստորեն օգոստոսից թանկացած էլեկտրաէներգիայի համար պետբյուջեից տրվող փոխհատուցման մեծ մասը հոսում է գերազանցապես ռուսաստանյան այդ ընկերություն:

Մայիսին, երբ Հայաստանում գործելու ընթացքում ռուսաստանյան ընկերությունը արդեն չորրորդ անգամ հանդես եկավ էլեկտրաէներգիան թանկացնելու առաջարկությամբ, դա հանրային բուռն բողոքի պատճառ դարձավ, անգամ իշխանության ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Интер РАО-ի կառավարման որակից:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն, օրինակ, «գողություն» բնութագրեց ՀԷՑ-ում կատարվածը.- «Կորուստները կապված են և՛ գողության հետ, և՛ սարքավորումների արտադրման տարեթվի, շահագործման որակի, մարդկանց աշխատելու պատասխանատվության հետ»։

Հոկտեմբերին կառավարությունը որոշեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ հավասար հիմունքներով մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը փոխհատուցել ամսական մինչև 250 կիլովատտ սպառած ընտանիքների և մինչև 500 կիլովատտ օգտագործած բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսը:

Ինչպես այսօր «Ազատությանը» ասացին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, փոխհատուցման նպատակով այս օգոստոս, սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին գործադիրը տրամադրել է 2.5 միլիարդ դրամ:

Մեկնաբանության համար «Ազատությունը» դիմեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու «Տաշիր» խմբին, արձագանք դեռ չենք ստացել:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, այն, որ ՀԷՑ-ի սեփականատերը փաստորեն շարունակում է մնալ Интер РАО-ն, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև հենց այդ ընկերության վատ կառավարման հետևանքով բաշխիչ ցանցերը հայտնվեցին սնանկացման եզրին։

«Հիմա ստացվում է, որ Интер РАО-ին պատկանող ՀԷՑ-ի վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը մենք բարձրացրել ենք նրա անարդյունավետ աշխատանքի պատճառով, բայց կառավարությունը սուբսիդավորում է մարդկանց որոշակի խավի էլեկտրաէներգիայի սակագնի մի մասը, և ըստ էության, մեր հասարակությունը ֆինանսավորում է անարդյունավետ կառավարողին՝ Интер РАО-ին»,- ասաց Գևորգյանը։

Տնտեսական մեկնաբանը հիշեցրեց՝ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ Հայաստանի կառավարությունը իրենց հավանությունն են տվել, որ վաճառվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը, սակայն այսօր հայտարարվում է, որ վաճառվել է ընդամենը 25 տոկոսը:

«Интер РАО-ին ՀԷՑ-ի վաճառքի հիմքում քաղաքական որոշումն էր, ոչ՝ տնտեսական: Հետևաբար Հայաստանում մնալը նույնպես քաղաքական դրդապատճառ ունի, ոչ՝ տնտեսական»,- կարծիք հայտնեց Գևորգյանը.- «Ռուսական պետական ընկերությունը չի անի այնպիսի քայլ, որ կորցնի Հայաստանում ամենախոշոր ընկերության հիմնական փայամասը»։

XS
SM
MD
LG