Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը կարևորել է Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների կայուն զարգացումը և միջազգային հարթակներում փոխադարձ օգնությունը:

Գալուստ Սահակյանը կարևորել է նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և իր մտահոգությունը հայտնել տարածաշրջանում բնակվող էթնիկ և կրոնական համայնքներին սպառնացող վտանգների վերաբերյալ: Ըստ նրա, խորհրդարանականները պետք է իրենց ձայնը բարձրացնեն՝ դատապարտելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և այն երկրներին, որոնք խրախուսում են ահաբեկչություններն ու հանցագործությունները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Սահակյանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ անցկացվելիք բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավագույն երաշխիքը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ հիմնահարցի կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանն այդ հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների, տարածաշրջանում սպառազինությունների աննախադեպ կուտակման և հարևան երկրի կողմից լարվածության աճի վերաբերյալ: «Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները քաղաքակիրթ աշխարհում իրենց վարկաբեկված հեղինակությունը փորձում են վերականգնել կաշառակերության ստոր ճանապարհով», - ասել է Սահակյանը։

Յան Համաչեկը հավաստիացրել է, որ Չեխիա-Հայաստան հարաբերությունները պատմության ընթացքում երբևէ այսքան բարձր մակարդակում չեն եղել, և կարևորել է հատկապես երկու երկրների համագործակցությունը տնտեսական ոլորտում, որտեղ դեռ շատ անելիքներ կան:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ Համաչեկը նշել է, որ լինելով Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ ջանք չի խնայում մատնանշելու այդ խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը: «Բաքվին ես մշտապես ասում եմ, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով, քանի որ այլ լուծում ընդունելի չէ», - ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Չեխիան կարող է մասնակցել բանակցություններին՝ ջանքեր գործադրելով հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը և Յան Համաչեկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին: Այնուհետև Ազգային ժողովի այգում խորհրդարանների ղեկավարները եղևնիներ են տնկել՝ ի նշան երկու երկրների բարեկամության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG