Մատչելիության հղումներ

Statoil-ը Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի իր բաժնեմասը վաճառում է SNAM-ին


Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի քարտեզը

Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի քարտեզը

Տրանս-Ադրիատիկ ծրագրով նախատեսվում է ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլով բնական գազի մատակարարում եվրոպական երկրներին։

Նորվեգական Statoil էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Տրանս-Ադրիատիկ (TAP) խողովակաշարի իր 20 տոկոս բաժնեմասը 208 միլիոն եվրոյով վաճառում է իտալական SNAM ընկերությանը։

Reuters-ի հաղորդմամբ, իտալական ընկերությունը հաստատել է գործարքը՝ նշելով, որ ձեռք է բերում Statoil-ի բաժնեմասը։ Գնի հետ կապված վերջին շտկումներն արվելու են գործարքի ավարտին, որը նախատեսվում է այս տարվա վերջին։

Տրանս-Ադրիատիկ ծրագրով նախատեսվում է ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլով բնական գազի մատակարարում եվրոպական երկրներին, սկզբնական շրջանում՝ տարեկան 10 միլիոն խորանարդ մետրի չափով, հետո արդեն կրկնակի շատ՝ 20 միլիոն խորանարդ մետր։

Խողովակաշարի կառուցումը նախատեսվում է սկսել 2016 թվականին։ 870-կիլոմետրանոց գազատարը հույն-թուրքական սահմանին միանալու է Տրանս-Անատոլիական խողովակաշարին և անցնելով Հունաստանի, Ալբանիայի տարածքով, Ադրիատիկ ծովի հատակով հասնելու է մինչև Իտալիա։

Այս պահին Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի ծրագրում 20-ական տոկոս բաժնեմաս ունեն British Petroleum-ը (BP), ադրբեջանական պետական SOCAR ընկերությունը և նորվեգական Statoil-ը, բելգիական Fluxys ընկերությունը 19 տոկոս բաժնեմաս ունի, իսպանական INAGAS-ը՝ 16 տոկոս, և 5 տոկոս՝ շվեյցարական Axpo-ն։ Բայդ Statoil-ը ծրագրի մեկնարկից առաջ իր բաժնեմասը վաճառում է իտալական ընկերությանը։

Նորվեգական ընկերության պաշտոնական կայքում գործարքի մասին մամուլի հաղորդագրություն է տեղադրված։ Ընկերության մարքեթինգի գծով փոխտնօրեն Յենս Յոքլանդը նշել է, որ բաժնեմասի վաճառքը կավելացնի Statoil-ի ֆինանսական ճկունությունը, և որ այդ գործարքը համահունչ է ընկերության օպտիմալացման և կապիտալի առաջնահերթությունների ռազմավարությանը։

XS
SM
MD
LG