Մատչելիության հղումներ

Գիշերն Ազատության հրապարակում անցել է առանց միջադեպերի


Դեկտեմբերի 1-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Դեկտեմբերի 1-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Ողջ գիշեր հերթապահություն են իրականացրել ոստիկաններն ու շտապօգնության մեքենան։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանն ու Արմեն Մարտիրոսյանը ճակատի տասնյակ համակիրների հետ գիշերն անցկացրեցին Ազատության հրապարակում։ Նստացույցն անցավ առանց միջադեպերի։

Ազատության հրապարակում հերթապահություն են իրականացրել նաև մոտ մեկ տասնյակ ոստիկաններ ու շտապօգնության մեքենան։

Նստացույցի մասնակիցները թեև վրաններ չտեղադրեցին, ու շատերը գիշերեցին բաց երկնքի տակ, սակայն մի քանիսը պաստառներով փոքրիկ վրանատիպ կառույցներ ստեղծեցին, «Հայ կանանց ճակատ»-ի անդամներն էլ գիշերեցին հրապարակի հարակից սրճարաններում, որտեղից նստարանները դեռ չեն հեռացվել։ Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանն արգելել էր Ազատության հրապարակում վրաններ տեղադրել։

Լուսաբացին՝ մոտ ժամը 6-ին, Ժիրայր Սեֆիլյանին և Արմեն Մարտիրոսյանին փոխարինեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը։

Ընդդիմադիրները երեկվա հանրահավաքից տպավորված են և այսօր ժամը 18-ին մեկնարկելիք հանրահավաքին ավելի շատ մարդկանց մասնակցություն են կանխատեսում։

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ժամը 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «տեղեկատվական հավաք», որից հետո, նրա փոխանցմամբ, հնարավոր է նաև փոքրիկ իրազեկման երթ լինի Երևանի կենտրոնական փողոցներում։

XS
SM
MD
LG