Մատչելիության հղումներ

ՄԻՊ. «Վտանգավոր պայմաններում է պահվում 209 երեխա»


Հայաստան -- Տասնամյա Կարեն Քամալյանը ցույց է տալիս իր սենյակի առաստաղը, Երևան, 1-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան -- Տասնամյա Կարեն Քամալյանը ցույց է տալիս իր սենյակի առաստաղը, Երևան, 1-ը դեկտեմբերի, 2015թ․

Անձրևի ժամանակ տասնամյա Կարեն Քամալյանի սենյակում կաթոց է սկսվում, միջանցքում լույս չկա: Սենյակը թիվ 16 հատուկ դպրոցում է՝ Կարենն արդեն երրորդ տարին է այս պայմաններում քնում-արթնանում:

Մի քանի օր առաջ անգամ նամակ է գրել դպրոցի թեժ գծին՝ խնդրելով, որ դասասենյակները ու ննջարանները լուսավորեն: Ասում է՝ հատկապես անհանգստանում է այն ընկերների համար, որոնք, տեսողական խնդիրներ ունենալով, քնում են բաց էլեկտրալարերով սենյակում:

Հատուկ դպրոցում ավելի քան 200 երեխա է սովորում, ընդ որում՝ շատերը առողջական, հիմնականում՝ տեսողական խնդիրներ ունեն:

Դպրոցի փոխտնօրեն Մարիետա Պետրոսյանն ընդունում է՝ 60 տարի առաջ կառուցված դպրոցը հիմնանորոգման կարիք ունի: Ասում է՝ ինքն այս մասին խոսում է արդեն 15 տարի, բայց կառավարության տրամադրած միջոցներով կարողանում են ընդամենը եղածը կոկիկ պահել:

Հայաստան -- Թիվ 16 հատուկ դպրոցի սենյակներից մեկի պատը՝ բաց հաղորդալարերով, 1-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան -- Թիվ 16 հատուկ դպրոցի սենյակներից մեկի պատը՝ բաց հաղորդալարերով, 1-ը դեկտեմբերի, 2015թ․

«Պատերի մեջ ինչքան հոսանքալար ունենք՝ այրված է: Մենք հազիվ կարողացել ենք, մեր ուժերով, լար ենք անցկացնում՝ մի հատ լամպ ենք կախում: Դրանից ավելին դպրոցը չի կարող անել», - ասում է փոխտնօրենը:

Դեռ անցած տարի այստեղ խախտումներ էր արձանագրել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ փաստելով, որ շատ պատուհաններ ապակիներ չունեն ու ծածկված են միայն ցելոֆաններով, մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով էլ երեխաները ստիպված բաճկոններով են մասնակցում դասին: Օմբուդսմենի տեղակալ Երանուհի Թումանյանցն «Ազատությանը» փոխանցեց՝ կրկնակի այցելության արդյունքում փաստել են՝ անցած մեկ տարում շատ քիչ բան է փոխվել՝ Կրթության և գիտության նախարարությունը վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի․ - «Կարող ենք ասել, որ արժանապատվությունը երեխաների ոտնահարված է և այդ պայմաններում երեխաներին պահել, հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներին՝ շատ խնդրահարույց է»:

Պաշտպանի գրասենյակի այս հրապարակմանն այսօր արդեն անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ օմբուդսմենի գնահատականը որակելով որպես շոու և պնդելով, թե իրենք առանց դրա էլ գիտեն բարձրացված խնդիրների մասին: Կառավարության ներկայացուցչին կարծես չեն համոզել նաև պնդումները, թե երեխաների արժանապատիվ ապրելու իրավունքն է խախտվել:

«Եթե օմբուդսմենի գրասենյակի համար մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրները համարվում են լուծված, և մնացել են դպրոցների շենքերի հարցերը, ապա կարող եմ նրան տալ այն դպրոցների ցանկը (մոտ 300 դպրոց), որոնք հիմնանորոգման ու այլ կարիքներ ունեն և շաբաթը մեկ մի հաղորդագրություն կարող է տարածել՝ իր աշխատանքը վերածելով սերիալի», - Aravot.am-ին փոխանցել է նախարար Աշոտյանը՝ հավելելով. - «Երևի օմբուդսմենը կոմպլեքսավորված է մնացել ԱԺ վերջին քննարկումներից հետո, բայց ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել խարխլված հեղինակությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG