Մատչելիության հղումներ

Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան տեղի ունեցավ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի հանրահավաքը:

«Նոր Հայաստան» ճակատի կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

Հանրահավաքը բացեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկայացնելով դեկտեմբերի 1-ից իրենց հայտարարած բողոքի ակցիաների ծրագիրը՝ Հովհաննիսյանն ասաց, որ հանրահավաքների նպատակն է իշխանափոխություն իրականացնել մինչև դեկտեմբերի 6-ը, երբ նշանակված է սահմանադրական հանրաքվեն:

«Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը։ Այդ ջղաձգումները, որ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ՝ այս կամ այն պաշտոնյան, այն ոստիկանները, գյուղապետերը, նախարարները, շտաբի պետերը, ակնդիր ժողովրդին չներկայացնող «տղերքը» պատերազմ են հայտարարել սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ, և մենք թույլ չենք տալու, որ իրենք այդ կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը», - ասաց «Ժառանգության» առաջնորդը: - «Եվ մենք պիտի տեսնենք, որ արդեն կասեցված հանրաքվեն դառնալու է Սերժ Սարգսյանի և իր վարչակարգի հրաժարականը, ապա և նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների ժողովրդական պահանջը»:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող մյուս ընդդիմադիր ճակատի՝ Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության, ինչպես նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմած «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչը՝ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը շտապեց հավաստիացնել, որ ընդդիմադիր երկու ճակատների միջև տարաձայնություններ չկան:

«Քարոզարշավի սկզբից ի վեր իշխանությունները տարածում են մի թեզ, թե իբրև «ոչ»-ի շարժումը պառակտված է և միասնականություն չի լինելու այդ շարժման մեջ: Այս խոսքերում միայն մեկ ճշմարտություն կա, որ «ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել է, և հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասելու այս իշխանություններին», - հայտարարեց Կարապետյանը․ - «Մեր միասնականությանը՝ Սերժ Սարգսյանին և ռեժիմին «ոչ» ասելու, ոչ մի բան չի խանգարում, և իմ ներկայությունն այստեղ, ուղերձով ձեզ դիմելը դրա վկայությունն է»:

Հանրահավաքում ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով հայտարարեց, որ հեղափոխությունը սկսվել է, և անվանական հրապարակ հրավիրեց տարբեր ընդդիմադիր գործիչների՝ հնչեցնելով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճյանի անունները:

«Այս հրապարակից առաջիկա ժամերին, և եթե պետք լինի՝ առաջիկա օրերին, ոչ ոք չի հեռանալու, միայն ավելանալու ենք», - հայտարարեց Սեֆիլյանը, - «Երկու տարբերակ գոյություն ունի․ մեկը այն, որ պիտի սպասենք մի շաբաթ և գնանք քվեարկության, հետո տեսնենք արդյունքը ինչ է լինելու, հետո կողմնորոշվենք, երկրորդ տարբերակը՝ այս պահին սկսում ենք ռեժիմի հեռացումը: Պա՞րզ է, թե ժողովուրդը ինչ է ուզում: Ընդդիմադիր ուժեր, լսե՞լ եք, թե ժողովուրդը ինչ է ուզում: Բոլորդ եկեք այստեղ, հեղափոխությունը սկսվել է։ Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի՛, սպասում ենք։ Մարտի 1-ի արյունը չենք մոռացել։ Այսօր դեկտեմբեր 1-ն է։ Դեկտեմբերի 1-ը պետք է դառնա Մարտի 2։ Մենք տակավին Մարտի 1-ի մեջ ենք, երկար սպասված Մարտի 2»:

Հանրահավաքի ավարտին «Նոր Հայաստանը» երթով անցավ Երևանի կենտրոնով և հասավ Մելիք-Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը: Այստեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն շենքը շրջափակած ոստիկանները թույլ չտվեցին դա անել, սկսվեց հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև, ապա, Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, ցուցարարները մի փոքր նահանջեցին: Այս պահին սպասվում է, որ «Նոր Հայաստանը» հանդես կգա հայտարարությամբ:

XS
SM
MD
LG