Մատչելիության հղումներ

Հայաստանի սամբիստները չեն մասնակցի դեռահասների աշխարհի առաջնությանը Թուրքիայում


Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը

Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը չի թաքցնում, որ իրենց որոշման վրա ազդել է նաև Ռուսաստանի որոշումը մրցաշարը բոյկոտելու վերաբերյալ:

Հայաստանի սամբիստները քաղաքական դրդապատճառներով Ստամբուլ չեն մեկնի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է բոյկոտել Ստամբուլում (Թուրքիա) Եվրոպայի դեռահասների առաջնությունը՝ մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ։

Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը չի թաքցնում, որ իրենց որոշման վրա ազդել է նաև Ռուսաստանի որոշումը մրցաշարը բոյկոտելու վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի հասցեին Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությունը:

Հայրապետյանի պնդմամբ՝ ի սկզբանե ցանկացել են ոչ թե հրաժարվել մասնակցությունից, այլ հետաձգել մրցաշարը որոշ ժամանակով: Այդ հարցով դիմել են Սամբոյի միջազգային ֆեդերացիային: Նամակը, սակայն, մնացել է անարձագանք:

Հայրապետյանի վստահեցմամբ՝ մրցաշարին չմասնակցելու համար Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տուգանքների և պատժամիջոցների չի արժանանա:

Այս բոյկոտը, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, Ռուսաստանին սիրաշահելու հերթական դրսևորումն է: Սաֆարյանի պնդմամբ՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի այս քայլն ուղղակիորեն ազդելու է հայ-թուրքական առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունների վրա․ - «Հասկանանք, որ սա վճռական ճակատամարտ չէ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որտեղ մենք կարող ենք ինչ-որ շահաբաժիններ ստանալ: Հատկապես երբ պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական ամեն մի բախումից հետո հաշտության գինը վճարվել է մեր հաշվին»:

Քաղաքագետը դեմ չէ բոյկոտին, սակայն նշում է՝ դրա համար բազմաթիվ այլ պատճառներ կարող էին բերվել։ Սաֆարյանը հիշեցնում է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը չհրաժարվեցին մասնակցել այս տարի Բաքվում կայացած Եվրոպայի օլիմպիական խաղերին, թեև միջոցառումից ամիսներ առաջ Ադրբեջանի բանակը հայկական ուղղաթիռ էր կործանել, զոհվել էին անձնակազմի երեք անդամները։

«Շատ ավելի արժանապատիվ կլինի, շատ ավելի ինքնիշխանության հոտ կգա, եթե մեր հավաքականը հայտարարեր, որ Թուրքիան փորձել է հարամել, ստվերել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցումները Գալիպոլիի կեղծ միջոցառումներ բեմականացնելով», - ասաց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG