Մատչելիության հղումներ

85-ամյա Շողակաթ Վանթյանը 50 տարի հաշվապահ է աշխատել, բայց անգամ տասնամյակների ընթացքում կուտակած հաշվապահական գիտելիքները չեն օգնում, որ ստացած թոշակով կարողանա ծայրը ծայրին հասցնել և ստիպված չլինի ամսվա վերջում հարևաններից պարտք վերցնել։

«Մի կերպ յոլա ենք գնում, պանիր ա, հարց ա, տվառոգ ա, սմետան ա, տվառոգը թանկ ա, էդքան չենք կարում առնենք, շաբաթը մի անգամ հազիվ առնում ենք։ Ամոթ էլ ա ասելը, երեկ հարևանից եմ 5000 վերցրել դեղի համար, էգուց եթե թոշակը չտան, մենք հացի փող չենք ունենա։ Էլի պտի պարտք անենք»,- ասում է նա։

Շողակաթն ու ամուսինը՝ Ռաֆիկը, երեխա չունեն, ծախսերի ցանկը վաղուց են սահմանափակել՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարումներ.- «Շոր-բան չենք առնում, չի բավականացնում, գները ամեն օր... ձեն էլ չեն հանում, մեկ էլ գնում, տեսնում եմ, որ էն, ինչ էրեկ եմ առել էժան, էսօր արդեն թանկ է։ Հիմա է դժվար, որ ամիսը 30-35 հազար մենակ վառարանի համար պիտի վճարենք»։

Ամուսինները միասին 110 հազար դրամ թոշակ են ստանում, ինչը Հայաստանի պայմաններում բարձր է համարվում, բայց մյուսներից ավելի լավ ապրել ոչ մի կերպ չի ստացվում։ Ամսական մոտ 25 հազար դրամ կոմունալ ծախսերի համար են վճարում, առնվազն 30 հազարը թողնում են դեղատներում, արդյունքում ստիպված են լինում սննդի վրա օրական ծախսել մոտ 1500 դրամ՝ երկու հոգու համար։

«Շոկոլադի անունը մոռացել ենք»,- ասում է Շողակաթը։

Ոչ միայն սննդի տեսակներն են կրճատել, այլև դեղորայքի վրա են խնայում.- «Էս դեղի հատը 390 դրամ է, 2 հատ ունի ամուսինս, մեկ-մեկ փափախ ենք անում, մի հատ ենք խմում օրական։ Որ չկա, ի՞նչ անես»։

Թոշակառու ամուսինները լուրերից արդեն տեղեկացել են, որ հաջորդ տարի իրենց կյանքը չի փոխվելու, թոշակների բարձրացում չի սպասվում, այն դեպքում, երբ ապրանքները թանկանալու են մոտ 4 տոկոսով։ «Հույսներս կտրեցինք, ասացինք՝ կարող ա Նոր տարուն մի քիչ ավելացնեն, չեն ավելացնում»։

2016 թվականի բյուջեն սոցիալապես անապահովներին դժվարություններից բացի ոչինչ չի խոստանում, փաստաթղթին ծանոթանալուց հետո վստահեցնում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանը։

«Որովհետև չի սպասվում հանրային ծառայողների աշխատավարձերի աճ, բյուջեն չի նախատեսում նվազագույն աշխատավարձի աճ, կենսաթոշակների աճ։ Եթե մակրոտեսանկյունից նայենք, բարեկեցության աճ չի ակնկալում նաև կառավարությունը, որովհետև, ըստ էության, կառավարությունը կանխատեսում է 2.2 տոկոս տնտեսական աճ՝ 4 տոկոս գնաճի պայմաններում։ Այսինքն իրական եկամուտների աճ մենք չենք կարող ակնկալել»,- ասաց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG