Մատչելիության հղումներ

Մոլդովայի ոստիկանությունը չի բացահայտում «ահաբեկչության գործի» մանրամասները


Լրագրող Ալինա Ռադու

Լրագրող Ալինա Ռադու

Անցյալ շաբաթավերջին ահաբեկչության նախապատրաստության կասկածանքով 13 հոգու ձերբակալության մասին հաղորդագրությունից հետո Մոլդովայի ոստիկանությունը ձեռնպահ է մնում լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց: Մինչ այժմ հրապարակվել են ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մի քանիսի լուսանկարները, նրանց անունները, հանցագործություն նախապատրաստելու մանրամասները գաղտնի են պահվում։

Հետաքննություններ իրականացնող մոլդովական «Զիարուլ դե Գարդա» թերթի գլխավոր խմբագիր Ալինա Ռադուի գնահատմամբ, տարօրինակ է իրավապահների լռությունը:

«Ոստիկանությունը հաճախ թաքնվում է նախաքննական գաղտնիքի տակ»,- «Ազատությանն» ասաց իրավապահների գործունեությանը հետևող թերթի խմբագիրը:

Խմբագրի փոխանցմամբ, Մոլդովայում իրավապաշտպանների և ոչ կառավարական կազմակերպությունների համար ևս սա նոր երևույթ է.- «Քանի որ Մոլդովայում մենք սովոր էինք նրան, որ ամեն դեպքում, հնարավոր չէ, որ ձերբակալեն մարդուն և հասարակությունը չիմանա, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ինչու են նրանց ձերբակալել»:

Մոլդովայում իրավապահների հայտարարած «ահաբեկչության գործով» մանրամասների բացակայությունը հետաքննող լրագրողը հակադրում է Փարիզի ահաբեկչական գործողություններին հաջորդած իրավապահների մանրամասն հաղորդագրություններին, ներքին գործերի նախարարի, դատախազի պատրաստակամությանը հանրությանն իրազեկելու հարցում:

«Մենք հետևում էինք, թե ինչ էր տեղի ունենում Ֆրանսիայում և Բելգիայում, երբ ձերբակալեցին 16 մարդու, որոնց մեղադրում էին ահաբեկչության մեջ, բայց հաջորդ օրը դատարանը Բրյուսելում ազատ արձակեց 15-ին: Այսինքն նրանց ձերբակալեցին միայն մեկ օրով, թեև կասկածում էին շատ ծանր հանցագործության մեջ»,- ասաց իր լրագրողական հետաքննություններով հայտնի թերթի խմբագիրը:

Ալինա Ռադուն, համեմատելով Ֆրանսիայում ավելի քան 130 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունների դեպքում ձերբակալվածների, նրանց գործունեության վերաբերյալ իրավապահների տվյալների հրապարակայնությունն ու Մոլդովայի ոստիկանության՝ առայժմ գաղտնի պատճառաբանությունները, գնահատեց.- «Իհարկե, մեզ համար տարօրինակ է ձերբակալել մարդկանց և չտալ հստակ պատասխան՝ ինչ է տեղի ունեցել, ինչու են ձերբակալել, հատկապես ինչի մեջ են նրանց մեղադրում»:

Մոլդովայի ոստիկանությունը հաղորդել էր, որ խումբը զինված է, մտադրություն է ունեցել հարձակվել մշակութային հաստատությունների, թատրոնի շենքերի վրա: Ըստ ոստիկանության հաղորդագրության, խմբում կան նաև Ուկրաինայի քաղաքացիներ, մարդիկ, ովքեր Դոնբասից են:

Վերլուծաբանները ուշադրություն են դարձնում հանգամանքին, որ այս ձերբակալությունները տեղի ունեցան Քիշնևում շարունակվող բողոքի ակցիաներին զուգահեռ:

Իրավապահների հավելյալ տեղեկատվության բացակայությանն անդրադառնալով՝ հայազգի քաղաքագետ, բլոգեր Էռնեստ Վարդանյանն ասում է, որ այդ պատմությունը Մոլդովայում բացատրում են քաղաքական շարժառիթներով:

«Նույնիսկ ղեկավարության ներկայացուցիչները ծիծաղում են այդ դեպքի վրա: Մի թուղթ են գտել, որտեղ գրված է, որ այդ «տեռորիստները» ուզում էին հարձակվել բանկի կամ թանգարանի, թատրոնի վրա, և ամբողջ պետությունը ծիծաղում է և ասում՝ այսինքն, դուք կարծում եք [այսինքն՝ ոստիկանները], որ մենք հիմար ենք և չե՞նք հասկանում, որ դա լրիվ կեղծ, սարքովի բան է: Ժողովուրդը ասում է, որ դա քաղաքական հարց է, որովհետև այս իշխանությունը շատ ծանր իրավիճակի է հասցրել պետությունը, ժողովուրդը դժգոհ է, իսկ ոստիկանները փորձում են այնպես անել, որ ժողովուրդը չմտածի այդ խնդիրների մասին, մի ուրիշ բանի մասին մտածի»,- ասաց Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG