Մատչելիության հղումներ

Ասադը կարծում է՝ Պրահան այն վայրն է, որտեղ կարելի է խաղաղության համաձայնագիր ստորագրել


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Չեխիայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե իր կարծիքով՝ Պրահան այն վայրն է, որտեղ ապագայում կարելի է ստորագրել խաղաղության որևէ համաձայնագիր՝ վերջ տալու համար Սիրիայի չորսամյա քաղաքացիական պատերազմին:

Խաղաղության համաձայնագիրը Պրահայում ստորագրելու գաղափարի մասին սեպտեմբերին ասել էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, և Ասադը այդ մասին խոսել է արձագանքելով այդ առաջարկին, պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին: Միաժամանակ նա քննադատել է Ֆրանսիային:

«Եթե դուք հարցնեք սիրիացիներին, բնականաբար, նրանք չեն ցանկանա, որ խաղաղության համաժողովը, օրինակ, Ֆրանսիայում տեղի ունենա, որովհետև Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը և պատերազմին, այլ ոչ խաղաղությանը, և ինչպես դուք նշեցիք, Պրահան կլինի բոլորի համար ընդունելի տարբերակ, քանի որ ձեր երկիրը հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- ասել է Սիրիայի նախագահը:

France-Presse-ը նշում է, որ Սիրիայում Չեխիայի դեսպանությունը Արևմուտքի վերջին հենակետն է մնացել ու դարձել է պաշտոնական Դամասկոսի հետ Միացյալ Նահանգների և Եվրամիության կոնֆիդենցիալ շփումների կենտրոն:

Ֆրանսիայի հասցեին Ասադի խիստ քննադատությունը պայմանավորված է Սիրիայի հարցում պաշտոնական Փարիզի դիրքորոշմամբ: Ֆրանսիան աներկբա դեմ է Ասադի իշխանությանը՝ նրան բնորոշելով որպես սեփական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած «մսագործի»:

Անցած շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է վճռականությունը, որ Ասադը պետք է հեռանա, ինչը Սիրիային խաղաղության շանս կտա, և որքան շուտ, այնքան՝ լավ: «Նա պրոբլեմ է: Նա խնդրի լուծում չէ»,- հայտարարել էր Ֆրանսուա Օլանդը:

Վերջին շրջանում Վիեննայի հանդիպումներում քննարկվում են Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հարցերը, որի հիմնական սկզբունքներից է մինչ ընտրություններն ու մյուս բարեփոխումները անցումային շրջանի իշխանության ձևավորումը: Այս պլանում ամենամեծ խնդիրն անցումային կառավարությունում Բաշար ալ-Ասադի դերակատարություն է: Արևմուտքը պնդում է, որ Ասադը ոչ մի դերակատարություն չպետք է ունենա: Երեկ Փարիզում կայացած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ըստ Reuters-ի հաղորդման, Բարաք Օբաման վերահաստատել է, որ քաղաքական անցումային շրջանում Ասադը տեղ չունի:

Սակայն Մոսկվայի աջակցությունը վայելող Ասադը պնդում է, որ «քաղաքական կարգավորման պլանի իրագործումը պետք է սկսել ահաբեկիչների դեմ հաղթանակից հետո, մինչ այդ որևէ ժամանակացույց որոշելը հնարավոր չէ»:

Իր այս կարծիքը Ասադը նորից ներկայացրել է անցած շաբաթվա ընթացքում իտալական RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Չեխիայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադը զգուշացրել է, որ դեպի Եվրոպա միգրանտների հոսքի մեջ կարող են ահաբեկիչներ լինեն: Հարցին, թե արդյոք եվրոպացիները պետք է վախենա՞ն սիրիացի փախստականներից, Ասադը պատասխանել է.- «Մեծամասնությունը լավ սիրիացիներ են, բայց նրանց հետ կարող են ահաբեկիչներ ներթափանցել, դա այդպես է»:

Փարիզի նոյեմբերի 13-ի հարձակումներից հետո Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին: Իսկ հարձակումների հետաքննության ընթացքում Փարիզի դատախազությունը հայտնել էր, որ հարձակվողներից երկուսի մատնահետքերը արձանագրվել էին այս տարվա ընթացքում Հունաստանի տարածքով անցնելու ժամանակ:

Բաշար ալ-Ասադը Չեխիայի հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Դամասկոսում: Հարցազրույցի մի հատվածը հեռարձակվել է երկուշաբթի, իսկ ամբողջությամբ եթերում կլինի այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG