Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի և Անկարայի թեժ վեճը շարունակվում է


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մեղադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման հետ նավթի ապօրինի առևտուր անելու մեջ։

Ըստ Մոսկվայի, Սիրիայից Թուրքիա նավթի փոխադրումները խափանելու առավել արդյունավետ գործոնը ռուսական օդային արշավն է, և հենց այդ պատճառով են թուրքական F-16-ները նոյեմբերի 24-ին վայր գցել Су-24 ռուսական ինքնաթիռը։ Այդ մասին երեկ Փարիզում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ գումարված կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նավթը «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կառույցների հսկողության տակ գտնվող տարածքներից արդյունաբերական մակարդակի հասնող հսկայական քանակով փոխադրվում է Թուրքիա։ Մեր օդանավը վայր գցելու նպատակն էր ապահովել նավթի փոխադրման անվտանգությունը, ուղիները, որոնցով նավթը հասցնում են Թուրքիայի նավահանգիստներ և լցնում նավթակիր նավեր»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն, ով գագաթնաժողովից առաջ ասել է, թե պատրաստ է Փարիզում հանդիպել Պուտինի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը, շատ նյարդային է արձագանքել ռուսների հնչեցրած մեղադրանքներին։ Նա «զրպարտություն» է անվանել Պուտինի հայտարարությունը և նույնիսկ ասել է, թե պատրաստ է հրաժարական տալ այն դեպքում, եթե ռուսներն ապացուցեն, որ Թուրքիան ներքաշված է «Իսլամական պետության» հետ ապօրինի նավթային գործարքներում։

«Եթե նման բան ապացուցվի, ապա հանուն մեր երկրի արժանապատվության՝ ես կազատեմ պաշտոնս, և ես հիմա հստակ հարցնում եմ պարոն Պուտինին՝ իսկ չապացուցելու դեպքում Դուք պատրա՞ստ եք լքել Ձեր պաշտոնը»,- ասել է Էրդողանը։

Ռուս-թուրքական վեճին այսօր Անկարայում անդրադարձել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Մենք վերստին Ռուսաստանին կոչ ենք անում` նմանօրինակ միջադեպերից խուսափելու համար եկեք վերականգնենք ռազմական կապի խողովակները, մեր հարաբերությունները մեղմելու համար եկեք բացենք դիվանագիտական խողովակները, եկեք նստենք և խոսենք է՛լ ավելի մեծ ճգնաժամեր կանխելու համար»,- ասել է Դավութօղլուն։

Փարիզում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։

Ավելի վաղ Պուտինի հետ առանձնազրույցում օդանավի կործանման կապակցությամբ ափսոսանք հայտնած Օբաման թուրք պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո Թուրքիային և Ռուսաստանին հորդորել է քայլեր ձեռնարկել ծագած լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

Նա ասել է, որ Ամերիկան սատարում է Թուրքիային, և միաժամանակ ավելացրել, որ «Իսլամական պետություն» կառույցը բոլորի թշնամին է, և դրա դեմ պայքարը պետք է միավորի բոլոր կողմերին։

XS
SM
MD
LG