Մատչելիության հղումներ

Արա Գյուլերը հրաժարվել է իր արխիվը թուրքական «Դողուշ» հոլդինգին փոխանցելու մտադրությունից


Հայաստան -- Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հարցազրույց է տալիս լրագրողներին Հայաստանի ազգային պատկերասրահում, 4-ը հունիսի, 2013թ․

Հայաստան -- Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հարցազրույց է տալիս լրագրողներին Հայաստանի ազգային պատկերասրահում, 4-ը հունիսի, 2013թ․

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը իր արխիվը չի փոխանցելու թուրքական «Դողուշ» հոլդինգին:

«Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ` Գյուլերը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 18-ին ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ըստ կայացված համաձայնության` Գյուլերի 70 տարվա աշխատանքը ընդգրկող հսկայական արխիվը, որը գնահատվել է 3 մլն եվրո, ինչպես նաև Ստամբուլի կենտրոնում գտնվող «Արա» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցնելու էր «Դողուշ» հոլդինգին: Փոխարենը Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները ամսական 50 հազար թուրքական լիրա էին ստանալու ընկերությունից: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Գյուլերը սեփական նախաձեռնությամբ խզել է ավելի վաղ կնքված պայմանագիրը` պատճառաբանելով, որ ցանկանում է իր անունով թանգարան հիմնել և այդպիսով ապրեցնել իր լուսանկարները:

«Դողուշ» հոլդինգը ղեկավարում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած Ֆերիդ Շահանեքը: Հավանական է, որ այս հանգամանքը ևս դեր է խաղացել, որպեսզի լուսանկարիչը փոխի իր որոշումը:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած 87-ամյա Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»:

Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը անմահացրել է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը:

2013 թվականին Արա Գյուլերը Երևանում էր: Ազգային պատկերասրահում «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին աշխարհահռչակ լուսանկարչի շուրջ 100 աշխատանք, որոնք նա թողեց Հայաստանում: Այն ժամանակ Գյուլերը ցանկություն էր հայտնել թանգարան ունենալ Հայաստանում, որին կփոխանցվեին հայկական թեմատիկայով նրա լուսանկարները, սակայն անվանի արվեստագետի այս ցանկությունը ի կատար ածելու հարցում մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել:

XS
SM
MD
LG