Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը «Նոր Հայաստանին» արգելել է վրաններ տեղադրել


Արխիվ - Ընդդիմության վրանային ճամբարը Ազատության հրապարակում, 1-ը հոկտեմբերի, 2011թ․

Արխիվ - Ընդդիմության վրանային ճամբարը Ազատության հրապարակում, 1-ը հոկտեմբերի, 2011թ․

«Նոր Հայաստանն» ահազանգում է․ խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի մարդիկ չմասնակցեն հանրահավաքին

Երևանի քաղաքապետարանը «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժմանն արգելել է վրաններ տեղադրել այսօր Ազատության հրապարակում մեկնարկելիք շուրջօրյա հանրահավաքների ժամանակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը, քաղաքային իշխանությունները վրան տեղադրելու մասին իրազեկումն ի գիտություն չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե Մշակույթի նախարարությունը կարծում է, որ հուշարձանի տարածքում վրան կամ շարժական զուգարան տեղադրելով կարող են վնասել այն:

Ընդդիմադիրներն այս պատճառաբանությունը որակում են անհեթեթ:

«Ասֆալտը չի կարող վնասվել վրանից կամ պլաստիկե կառույցից»,- ասաց Ավետիսյանը՝ միաժամանակ, սակայն, չհստակեցնելով՝ արդյո՞ք կտեղադրեն վրաններ: - «Տեղում պարզ կդառնա՝ կախված հանգամանքներից», - եզրափակեց ընդդիմադիր գործիչը:

«Նոր Հայաստան» շարժման խոստացած անհնազանդության գործողություններին ընդառաջ՝ ընդդիմությունն ահազանգում է, թե մարզերում խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի մարդիկ չմասնակցեն երևանյան այսօրվա հանրահավաքին: Աբովյանի կանգառներում արձանագրեցինք մարդկային կուտակումներ:

«Ինչ-որ ցույց ա, դրա համար էլ տրանսպորտ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասում էին երթուղայինի սպասող ուղևորները, - «Ասում են՝ ինչ-որ ընտրությունների համար»:

Մի կին բողոքում էր, թե այս ամենի հետևանքով կարող է աշխատանքից զրկվել: - «Ինչո՞ւ ես պետք է չգնամ աշխատանքի, միշտ նույն պատմությունն է: Ես, ճիշտն ասած, մոռացել էին, որ այսօր հավաք է լինելու: Երևի թե հետ գնամ՝ տուն գնամ», - ասում էր նա:

Չէր աշխատում նաև Աբովյանի քաղաքային տրանսպորտը, նույնիսկ տաքսիներն էին պարապուրդի մատնված: Վարորդներն ու կարգադրիչները, սակայն, հրաժարվում էին տեսախցիկի առջև ասել Երևան ուղևորվելուց հրաժարվելու պատճառը:

«Լրագրող եք, դուք մեզանից ավելի լավ գիտեք», - ասում էին նրանք:

Աբովյանի քաղաքային տրանսպորտը և որոշ տաքսի ծառայություններ սպասարկում է «Կինգ Դելյուքս» ընկերությունը, որը ղեկավարը՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Ճնշումների մասին են բարձրաձայնում նաև գյումրեցի ընդդիմադիրները: «Ազատության» հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը պատմեց, որ հանրահավաքին մասնակցելու նպատակով իրենց հետ նախապես պայմանավորված վարորդին վախեցրել և թույլ չեն տվել մեկնել Երևան:

«Հերթով մոտեցել են: Տեսել են, հարցրել են՝ դուք Երևա՞ն եք գնում, ասել է՝ այո: Վերջ: Ջահել տղաներ՝ կիսագողական: Ի՞նչ իմանամ՝ որտեղի՞ց է ուղղորդումը: Ինքը [վարորդը] հրաժարվեց, ասաց՝ սպանեք՝ չեմ տանի: Այդ աստիճանի վախի մթնոլորտում ենք ապրում», - պատմեց նա:

«Իշխանությունների կողմից և հատկապես ոստիկանության կողմից անօրինական հերթական քայլ է», - ասում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ընդդիմադիր գործչի կարծիքով հենց ոստիկաններն են վարորդներին արգելել Երևան գալ: «Անկախ այդ ամենից, միևնույնն է՝ մեր գործողությունները լինելու են խաղաղ», - հավելում է նա:

Ընդդիմադիր գործիչը սպառնալիք է որակում Վլադիմիր Գասպարյանի երեկվա զգուշացումները, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

«Հայկական ասացվածք կա՝ արջը իր վախից է գոռում: Երեկվա աննախադեպ ժողովով և խոսքերով ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում իշխանությունները հատկապես մտահոգվելու տեղիք ունեն», - մեկնաբանում է «Ժառանգության» փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG