Մատչելիության հղումներ

ՖԱՖ․ Գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն դեկտեմբերին


Հայաստան -- ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, 16-ը նոյեմբերի, 2015թ․
Հայաստան -- ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Ֆուտբոլասերների Առաջին հայկական ճակատը՝ ՖԱՖ-ը, շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի խաղացողներին՝ իրենց կոչին միանալու, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար:

Օրեր առաջ անդրադառնալով հավաքականի խնդիրներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատությանը» ասել էր, որ Ալբանիայի հետ խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստներ դավաճանել են, և ինքը միայն դավաճաններին բացահայտելուց հետո կլքի պաշտոնը։ Այս հայտարարությունից հետո ֆուտբոլի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը հակադարձեցին՝ հավաքականում տիրող վատ մթնոլորտը ֆուտբոլիստների հետ կապ չունի, և իրենց թիմում դավաճանություն փնտրելը արդյունք չի տալու։

«Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ», - երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՖԱՖ-ը:

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող ֆուտբոլասերների ակումբը անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահի վերջին հայտարարություններին, նշելով․ - «Նա բացեիբաց, ի լուր աշխարհի դավաճան հայտարարեց ՀՖՖ հովանու ներքո հանդես եկող ազգային թիմի որոշ ֆուտբոլիստների՝ չունենալով ոչ մի հիմք ու փաստարկ: Իսկ մեր ազգային թիմի առաջատարների հայտարարությունից հետո, Հայրապետյանը արձագանքեց՝ նշելով, որ դավաճանություն ասելով ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել: ՖԱՖ-ի կարծիքով նման լուրջ ու հեղինակավոր կառույցի առաջին պաշտոնական ներկայացուցիչն ու պատասխանատուն ուղղակի իրավունք չուներ Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում կասկածի տակ դնելով՝ անպատասխանատու, անհիմն հայտարարություններ անել: Ռուբեն Հայրապետյանը, չտիրապետելով իրավիճակին, մեղադրում է բոլորին՝ մարզիչներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին:

ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG