Մատչելիության հղումներ

Թուրքական ապրանքը անհետանում է ռուսական շուկայից


Ռուսաստան - Մոսկվայում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույցի մասնակիցները այրում են Թուրքիայի դրոշը, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Մոսկվայում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույցի մասնակիցները այրում են Թուրքիայի դրոշը, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Մեդվեդևը համոզված է՝ այս պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա ռուսական տնտեսության վրա:

Առաջիկայում ռուսական շուկայից կանհետանան նաև թուրքական մի շարք ապրանքատեսակներ՝ խոսքը սառեցված մսի և մսամթերքի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում՝ կաթնաշոռի և պանրի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիների մասին է:

Նույն մթերքները, հիշեցնենք, Ռուսաստանի իշխանությունները արգելեցին ներկրել նաև Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից:

Այս պատժամիջոցները, ըստ Ռուսաստանի կառավարության ղեկավարի, ազդեցություն չեն ունենա ռուսական տնտեսության վրա: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին իր տեղակալների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելիս ընդգծել է, որ Մոսկվայի գործողությունները «պետք է հնարավորինս զգայուն լինեն թուրքական կողմի համար, միևնույն ժամանակ չազդեն ռուսական տնտեսական շահերի վրա»:

Ռուսական կողմը հերթական պատժամիջոցների մասին խոսելիս վերստին համոզմունք է հայտնել, թե սահմանափակումները թույլ կտան ավելացնել սեփական արտադրությունը, ընդլայնել ներմուծումների աշխարհագրությունը:

Թե որ երկրներն են ռուսական շուկայում փոխարինելու Թուրքիային, առայժմ չի հստակեցվում: Հայտնի է, որ Ռուսաստան լիմոնի, կիվիի և մի շարք այլ ցիտրուսային մրգերի ամենախոշոր ներկրողը համարվում է Թուրքիան, որը փակում է գրեթե ամբողջ ռուսաստանյան շուկան:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծի թղթակիցը այցելել է Ռուսաստանի մրգերի և բանջարեղենի ամենախոշոր շուկաներից մեկը, որտեղ վաճառվող սննդամթերքը հիմնականում Թուրքիայից է ներկրվում: «Այն այլևս մեկ շաբաթ առաջվա պես աշխույժ չէ՝ նոր ապրանքներ չեն ստանում, պահեստները դատարկվում են, շուկայի վրա տարիներ շարունակ ծածանվող թուրքական դրոշն էլ այլևս չկա», - տեղից հաղորդում է լրագրողը:

Անցած կիրակի օրը Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագրով արգելվում է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը, Ռուսաստանի տարածքում թուրքերի աշխատանքը, ռուսական տուրօպերատորների կողմից դեպի Թուրքիա չարտերային թռիչքները և ուղեգրերի վաճառքը:

XS
SM
MD
LG