Մատչելիության հղումներ

Փարիզում տեղի է ունեցել Օբամայի և Պուտինի կեսժամյա հանդիպումը


Ֆրանսիա - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հանդիպում են կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակում, Փարիզ, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Ֆրանսիա - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հանդիպում են կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակում, Փարիզ, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Թուրքիան օդանավի կապակցությամբ ներողություն չի խնդրի։

Ֆրանսիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ գումարված կլիմայի հարցերով գագաթնաժողովի շրջանակում երեկ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման։

Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնյաների փոխանցմամբ, 30 րոպե տևած զրույցի ընթացքում Օբաման ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը վայր է գցել Սու-24 մարտական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ռուս օդաչուն։

Ռուս-թուրքական հարաբերություներում այդ միջադեպից հետո սկսվել է լուրջ ճգնաժամ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ցավում է միջադեպի համար, թե թուրքերն այլ կերպ կվարվեին, եթե իմանային, որ ինքնաթիռը ռուսական է, և թե ինքը պատրաստ է փարիզյան գագաթնաժողովում հանդիպել Պուտինի հետ։

Սակայն տեղի ունեցածը թիկունքից դավաճանական հարված համարող Պուտինը չի ընդունել հանդիպման առաջարկը։

Օբաման Պուտինին հորդորել է Սիրիայում ռուսական օդուժի միակ թիրախը դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերը։ Նա ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է անցումային փուլում հեռանա պաշտոնից։ Պուտինն ու Օբաման նշել են, որ Սիրիայում անհրաժեշտ է սկսել քաղաքական կարգավորման գործընթացը։

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը և Օբաման արծարծել են նաև Ուկրաինայի թեման ու մասնավորապես կարևորել մինսկյան համաձայնագրի իրագործումը։

Մինչդեռ, թուրքերը համառորեն պնդում են, որ մտադիր չեն ներողություն խնդրել նոյեմբերի 24-ի միջադեպի համար։ Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը կառավարության պարտականությունն է:

«Թուրքիայի և ոչ մի վարչապետ կամ նախագահ ներողություն չի խնդրի պարտականությունները կատարելու համար», - հայտարարել է Դավութօղլուն։

XS
SM
MD
LG