Մատչելիության հղումներ

Զովունիի գյուղապետն ասում է՝ իրենց բեռը կթեթևանա մեծամասնական ընտրակարգի վերացումից հետո


Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյան
Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյան

Երևանից ոչ շատ հեռու գտնվող՝ 6 հազար բնակիչ ունեցող Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը սահմանադրական փոփոխություններից հետո գյուղում էական տեղաշարժ չի սպասում, բայց գյուղացիների համար մի դրական բան առանձնացնում է՝ մեծամասնական ընտրություններից ու նախագահական մրցապայքարից գլուխները կազատեն։

«Ոչ ինձ ա պետք, ոչ էլ իմ գյուղացուն։ Ուղղակի էն անհատական թեկնածուները շարքից դուրս կգան, մեր հոգիները քիչ կուտեն ու հիմա համամասնականով կընտրվեն, մեր բեռը կթեթևանա։ Էլ բարեկամ-հարևան իրար հետ թշնամի չեն դառնա, կուսակցության համար չեն թշնամանա»,- ասում է գյուղապետը։

27-րդ ընտրատարածքում ընդգրկված Զովունիում մեծամասնական ընտրակարգով պատգամավորը «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է, ում որդին՝ Կարապետ Գուլոյանը, Կոտայքի մարզպետն է։

«Չգիտե՞ս, որ մեր հայկական մենթալիտետը՝ անհատ քաղաքացու հետ երես-երեսի ա առնում, ամաչում ա, բարեկամություն, ընկերություն... իսկ կուսակցության հետ ի՞նչ ընկերություն»,- ասում է Ավետիսյանը։

18 տարվա գյուղապետ Սերժիկ Ավետիսյանն ասում է՝ 2 տարի առաջ է հանրապետական դարձել, իրեն մնար՝ կուսակցական չէր դառնա, ստիպված է գնացել՝ իշխանություններին մոտ լինելու ու առավելություններից օգտվելու համար։ «Մեր մենթալիտետը չգիտե՞ս, որ սաղ շրջապատդ, համայնքի ղեկավարները քեզ էլ պտի ասեն՝ մեջներս դու խի՞ ես մնացել։ Որ իշխանությունների կողքին ես լինում, ծրագրեր են լինում, նախաձեռնություններ են լինում, լավ են ընդունում մարդիկ, լավ են ճամփու դնում»։

Թվարկում է իր մասնագիտությունները, որոնք գյուղին ու գյուղացուն ավելի մեծ օգուտ են բերում, քան կուսակցական լինելը.- «Գյուղատնտես եմ, կուլինար-տեխնոլոգ եմ, տրակտորիստ եմ, կինոմեխանիկ եմ, լավ ռեմոնտ եմ անում, լավ կաֆել եմ շարում, լավ տրակտոր եմ քանդում-հավաքում, լավ պատրուս եմ անում, լավ էտ եմ անում»։

Գյուղապետն ասում է՝ քարոզարշավի ընթացքում «Այո»-ի շտաբ բացել են, իր տեղակալին էլ շտաբի պետ նշանակել, բայց դռները դեռ փակ են.- «Ձևական բնույթ ա կրում»,- ասում է։

«Բա ինչո՞ւ եք բացել»,- հարցնում եմ։ «Էդ ե՞րբ էր բաց, դու գնացիր-տեսար բա՞ց էր։ Քո կարծիքով՝ էդքան երկար տարիներ ընտրված համայնքի ղեկավար եմ, էդքան արժանիք կամ էդքան էս ժողովրդին ծառայություն, հավատարմություն չե՞նք ներշնչում, որ մեզ հարգելով մեր իմացած քվեն տան»,- պատասխանում է գյուղապետը։

Ավետիսյանը թեև վստահ էր, որ իր նկատմամբ հարգանքից ելնելով՝ գյուղում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները մեծ թիվ են կազմելու, բայց Զովունիի փողոցներում մեզ հանդիպած գյուղացիները մեծամասամբ հակված էին ոչ քվեարկելու։«Մեծամասնությունը «չէ» ա, բայց մեկ ա իրանց որոշումն են անելու, հո մեր ուզածը չի՞ անցնելու, սահմանադրականը իրանց երգն ա, ամեն ինչն էլ իրանց երգն ա»։ «Իրանց ձեռը չի՞, կբռնեն, կանցկացնեն»,- ասում էին գյուղացիները։

XS
SM
MD
LG