Մատչելիության հղումներ

ՌՀՄ-ն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու կոչ է անում Դումային


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը պաշտոնական նամակ է հղել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին և Ռուսաստանի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

«Սպրավեդիլվայա Ռուսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլայ Լևիչևը, հիշեցնենք, թիվ 938567-6 օրինագիծը ներկայացրեցին թուրք-սիրիական սահմանին Թուրքայի օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո, ինչի հետևանքով խիստ սրվել են պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները:

Ընդգծելով, որ Ցեղասպանության ոչ լիարժեք դատապարտումը ծնում է նման նոր զանգվածային հանցագործություններ, ՌՀՄ-ի առաջնորդը, կազմակերպության փոխնախագահ Լևոն Մուքանյանի հաղորդագրության համաձայն, համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանում նման օրենքի ընդունումը կստեղծի «լուրջ և համակարգային մեխանիզմ պատմական փաստերի կեղծման և աղավաղման դեմ պայքարում»: Ուստի ՌՀՄ-ն ամբողջությամբ սատարում է տվյալ օրինագծի ընդունումը և այն անհրաժեշտ է համարում Ռուսաստանյան Դաշնության անվտանգության ամրապնդման տեսանկյունից:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1995 թվականին, իսկ 2005 և 2015 թվականներին հայտարարություններ է ընդունել Հայոց ցեղասպանության համապատասխանաբար 90-րդ և 100-րդ տարելիցների կապակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի ապրիլի 24-ին Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը պաշտոնական Անկարան դատապարտեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG