Մատչելիության հղումներ

ՄԻՊ. ԿԳՆ-ն վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ահազանգում է կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի ծայրահեղ վատ պայմանների մասին, որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ:

Ըստ օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի, մարդու իրավունքների պաշտպանը դեռևս անցյալ տարի տեղեկացրել էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին։ «Սակայն ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

«Դպրոցի տանիքը վթարված է, առաստաղների և պատերի վրա կան ճեղքեր, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ և դասասենյակներ զրկված են լուսավորումից, քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի և առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում, և նման պարագայում խնդրահարույց է, որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաև սննդի տրամադրման կարգը», - տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

ՄԻՊ-ը նաև նշում է՝ օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Գրասենյակը նաև խիստ մտահոգիչ է համարում այն փաստը, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով։

«Ի դեպ, այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը` ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով և չափազանց վատ կառավարվող այս հատուկ դպրոցը», - հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը՝ նշելով. - «Հայտնենք նաև, որ դեռևս 2014 թվականին կրթության և գիտության նախարարն օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքի հիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով: Սակայն կարող ենք միանշանակ փաստել, որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ և չլուծված մնալ: Միակ առաջընթացը, որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում, այն է, որ այս տարի չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք, ինչպես նաև մասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները»:

ՄԻՊ-ի գրասենյակը հաղորդագրությանը կից նաև լուսանկարներ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG