Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա՝ Հայաստանը փրկելու համար, համոզված է «Ժառանգության» առաջնորդը:

Դեկտեմբեր 1-ից «Նոր Հայաստան»-ը և ողջ հայ ժողովուրդը հավաքվելու է Ազատության հրապարակում՝ համատեղ քայլերով բերելու նոր վիճակ Հայաստանում։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեր կարծիքով, արտահերթ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում՝ թե արտաքին իրավիճակը ակնհայտ փոխվել է, և զուգահեռաբար մենք ներքին մեր հարցերում Հայաստանում գտնվում ենք ոչ լեգիտիմ և բռնազավթած իշխանության շարունակման հանգամանքներում, և դրա համար դեկտեմբեր 1-ից «Նոր Հայաստան»-ը և ողջ հայ ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում և համատեղ քայլերով, ընկալելով այլ կուսակցությունների, ճակատների, քաղաքացիական հոսանքների, շարքային քաղաքացիների, երիտասարդների, մտավորականների մասնակցությունը՝ բերել նոր իրավիճակի։ Եվ ես ակնկալում եմ, որ դեկտեմբերի 6-ին մենք կունենանք բոլորովին նոր վիճակ Հայաստանում, որը կդարձնի քվեարկությունը երկրորդական։ Դա մեր ցանկությունն է», - ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ սա ենթադրում է խոսքը գործի վերածելու գործընթաց։ «Սա ենթադրում է, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը իր խոսքը գործի կվերածի՝ իր ներկայությամբ կփաստի, որ ինքը չի ընդունում այս ապօրինի ռեժիմը, այս վարչակարգը։ Հայաստանը փրկելու համար, հանուն հանրապետության, ինքը [Սերժ Սարգսյանը] պետք է հեռանա՝ հրավիրելով անմիջապես արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Հարցին՝ եթե դա տեղի չունենա և հանրաքվեն կայանա, ինքը դեկտեմբերի 6-ին կգնա՞ քվեարկության, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ինձ կտեսնեք կա՛մ հրապարակի վրա, կա՛մ հենց ընտրատեղամասում՝ ճղելով ծրարը, որովհետև չեմ համարում, որ սա Հայաստանի Հանրապետության հարիր փաստաթուղթ է, անգամ եթե անցնենք բովանդակության քննարկման, որովհետև ինքը բերում է այս վիճակում՝ օբյեկտիվ առարկայական վիճակում, կուսակցապետության, որտեղ Հայաստանի քաղաքացին ենթարկվում է կուսակցապետության, գնում է մի ընտրության, որտեղ գողանում են իր ձայնը և հետո կազմավորվում է օրենսդիր մարմինը, կազմավորվում է դատական և գործադիր մարմինը, և վերջ՝ այդ մեկ ընտրությունն է»։

Դիտարկմանը, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հրապարակված հոդվածով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույս հայտնելով, թե նա կկասեցնի հանրաքվեն, իսկ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այժմ նախագահին ասելիք ունի՞, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Եթե կա հեռակա խոսակցություն, և եթե մեկը կարծում է, որ մյուսն ունի պետական մտածողության վերջին նշույլ, այդ նշույլը պետք է արտացոլվի ոչ միայն կամ ոչ թե հետաձգելով այս կեղծ հանրաքվեն, այլ ինքնակամ՝ ունենալով այդ արժանապատվությունը, այդ ինքնասիրությունը, այդ պետական և ազգային շահի գիտակցումը, հրաժարական տալու։ Ես համարում եմ, որ այս իմ վերջին խոսքերը խիստ անհավանական են, բայց եթե Տեր-Պետրոսյանի հորդորը ճիշտ է, և ինքը տեսնում է Սարգսյանի մոտ այդ հատկանիշը, ես անցյալում նաև գնահատել եմ Սարգսյանի անցյալի ծառայությունը հատկապես Արցախյան ազատամարտում, ես կարծում եմ, որ ինքը շատ լուրջ պետք է մտածի, և դա ուժեղ մարդու քայլ կլինի, ոչ թե թույլ մարդու»։

«Կիրակնօրյա վերլուծական»-ի նոյեմբերի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG