Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի հավաքականի առաջատարները «կեղծ» են որակում դավաճանության մասին լուրերը


Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ հանդես են եկել հայտարարությամբ՝ «ամբողջությամբ կեղծ» որակելով Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ «լուրերը, մեկնաբանությունները և շշուկները»։

Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը ArmFootball.com և News.am կայքերի միջոցով տարածված հայտարարությունում նաև նշել են․ - «Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»:

Նոյեմբերի 25-ին, մասնավորապես, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր հայտարարել, թե Եվրոպայի 2016 առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ալբանիա հանդիպման ժամանակ տեղի է ունեցել «դավաճանություն», ինչի հետևանքով հավաքականը 0։3 հաշվով պարտություն կրեց։

«Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային», - նշել են Հայաստանի հավաքականի առաջատարները։ - «Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով», - նաև նշել են ֆուտբոլիստները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG