Մատչելիության հղումներ

Չարենցի մահվան տարելիցը դարձյալ համախմբել է նրա հանճարի երկրպագուներին


Չարենցի ստեղծագործության սիրահարները հավաքվել են բանաստեղծի արձանի մոտ, արխիվ

Չարենցի ստեղծագործության սիրահարները հավաքվել են բանաստեղծի արձանի մոտ, արխիվ

«Գուցե հենց Չարենցո՞վ պետք է ոտքի կանգնենք և հաղթահարենք այս վիճակը»,- մտորում են ժամանակակից ստեղծագործողները:

Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է, որն ավանդաբար Չարենցի արձանի շուրջն է համախմբում մեր գրողներին, չարենցապաշտներին, դպրոցականներին: Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ էլ թանգարանում ամեն տարի հուշ - ցերեկույթ կամ երեկույթ է կազմակերպվում՝ նաև դպրոցականների մասնակցությամբ:

Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյան․ «Երկար տարիների ավանդույթ է, որ Չարենցի ծննդյան և մահվան օրերին մենք Երևանի դպրոցների աշակերտների հետ, Գրողների միության ներկայացուցիչների հետ հավաքվում ենք այս հուշահամալիրի առջև և հարգանքի տուրքն ենք մատուցում մեր հանճարին»:

Չարենցի թոռնուհի, Տուն-թանգարանի գիտաշխատող Գոհար Բազյան Ջերահյանն էլ հուզված շեշտում է՝ «ամեն տարի այս օրերին անչափ տխրություն է համակում ինձ, մանավանդ երբ սկսում եմ մտածել նրա կյանքի վերջին օրերի մասին․․․»:

Իհարկե հրաշալի է, որ հատկապես պատանի սերնդի, երիտասարդների համար Չարենցի պոեզիան շատ սիրելի է և հոգեհարազատ: Չէ՞ որ Չարենցն ինքը շատ էր սիրում այն «գանգրահեր պատանուն», որի հետ էր կապում իր երկրի ճակատագիրը: Արդյո՞ք այսպիսի ապագա էր նա տեսնում իր երկրի համար, հարց ուղղեցի բանաստեղծուհի Կարինե Աշուղյանին:

«Կարծեմ ոչ, Չարենցը հաստատ պատկերացնում էր հզոր երկիր, իսկապես անկախ հայրենիքի տեսլականն էր փայփայում․․․ այսօր մենք այնպիսի խնդիր ունենք՝ արտագաղթը, որ, էստեղ ոչ մի պաթետիկա չկա, աղետալի չափերի է հասել, և էլի Չարենցո՞վ մի գուցե ոտքի պետք է կանգնենք»,- պատասխանեց բանաստեղծուհին:

Շատ է խոսվել մեր օրերում գրականության դերի մասին, մեր ժամանակակից գրողները, արվեստագետները շարունակում են անդադար պնդել՝ կարդացեք մեր գրողներին: Եվ ոչ միայն դասական, այլև հատկապես ժամանակակից գրողներին: Գրողների Միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը համոզված է՝ հենց տվյալ ժամանակի գրողների ստեղծագործությունների միջոցով է պահպանվում կապը գրական ժառանգության հետ:

XS
SM
MD
LG