Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ դաշնակցական Արսեն Համբարձումյանի, գործող Սահմանադրությունն է պատճառը, որ «Հայաստանում օրենքները չեն գործում, երկրում կա մոնոպոլիա և արտագաղթ»:

«Այո»-ի ջատագով ՀՅԴ-ն շարունակում է սահմանադրական փոփոխությունների օգտին ակտիվ քարոզարշավը մարզերում՝ մարդկանց հորդորելով դեկտմբերի 6-ի հանրաքվեին «վճռական այո» ասել առաջարկված նախագծին: Այսօր Գավառի արվեստի դպրոցում կայացած հավաքին դաշնակցական Արսեն Համբարձումյանն իր խոսքում ընդգծեց՝ «հրաշքներ չենք խոստանում, բայց «այո»-ն կյանքը դեպի լավը փոխելու առաջին քայլն է»:

«Մենք հակված ենք փոփոխությունների, իսկ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուրջ, արմատական, չեմ վախենա այդ բառից՝ հեղափոխական փոփոխություններ է բերելու մեր կյանք, անխուսափելիորեն, որովհետև արմատապես փոխվում է պետական կառավարման համակարգի ձևավորման ամբողջ փիլիսոփայությունը: Իսկ սա, իր հերթին, բերելու է փոփոխության մեր կյանքի բոլոր ասպարեզներում»,- իր խոսքում ասաց Համբարձումյանը:

Դաշնակցական գործչի համոզմամբ, գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ «Հայաստանում օրենքները չեն գործում, որ պետական իշխանության մարմիններն արդյունավետ չեն աշխատում, որ երկրում կա տնտեսական մոնոպոլիա, որ չունենք տնտեական աճ, որ կա արտագաղթ»: Ուստի, ըստ նրա՝ տեղին չեն այն շահարկումները, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ: «Եթե մենք պատճառը չվերացնենք, հետևանքները չենք վերացնի»,- ասաց նա:

Իշխանությունն այսօր այնքան ուժեղ չէ, որ պահի ողջ իշխանությունը, սակայն, ընդդիմությունն էլ չունի իշխանությունն ամբողջությամբ վերցնելու հնարավորություն: Ոստի՝ դաշնակցության ներկայացուցիչը վստահ է՝ այդ դեպքում փոխզիջումային միակ տարբերակը սահմանադրական փոփոխություններն են: Վերջինիս համոզմամբ, «ոչ» ասելու դեպքում, «կունենանք այն վիճակը, ինչ որ ունենք այժմ»:

Սահամանադրական փոփոխությունների քարոզին զուգընթաց, Գավառի արվեստի դպրոցում այսօր երգ-երաժշտություն էր հնչում, թեև, պարապունքները դեռ չէին ավարտվել: Դպրոցում սովորող երեխաների ծնողները «Ազատությանն» ասացին, որ անտարբեր են հանրաքվեի նկատմամբ: «Պարզապես երեխաներին ենք դասի բերել»,- ասացին նրանք:

Արդեն դպրոցից դուրս գավառցիների հետ մեր զրույցների ընթացքում տպավորություն ստացանք, որ նրանց զգալի մասը, անգամ՝ «Այո»-ի կողմնակիցները, ոչ միայն չեն կարդացել նախագիծը, այլև դրա ցանկությունն էլ չունն: Հիմնականում՝ սոցիալական խդիրների շուրջ էին խոսում:

XS
SM
MD
LG