Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ «Ելքը չի լինելու սիստեմային տրամաբանության մեջ»


«Նոր Հայաստան»-ի հանրահավաքը Գյումրիում, 28-ը հոկտեմբերի, 2015թ․
«Նոր Հայաստան»-ի հանրահավաքը Գյումրիում, 28-ը հոկտեմբերի, 2015թ․

Այսօր «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրի և Վանաձոր:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին միացած քաղաքական ուժերը, «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին, միասնականության կոչ են անում ու դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում համազգային հանրահավաքով սկսում են անհանազանդության ակցիաները: Այսօր Գյումրիում տեղի ունեցած հավաքին այս մասին ազդարարեցին «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Մարզային հանրահավաքների շարքը «Նոր Հայաստան»-ը եզրափակեց Գյումրիում ու Վանաձորում: Մինչ հանրահավաքի մեկնարկը, Գյումրիի թատերական հրապարակը շրջապատված էր ոստիկաններով: Հանրահավաքի ընթացքում որևէ միջադեպ չարձանագրվեց: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Գյումրի էին եկել՝ ասելու, որ այս անգամ փոխել են մարտավարությունը և մինչև քվերակությունն են սկսում իրենց պայքարը՝ համոզված լինելով, որ այս անգամ հաջողվելու է իշխանությանը հեռացնել:

««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այս ընթացքում նոր գործելաոճ է նախընտրել՝ քաղաքական գործընթացները սկսել ոչ թե քվերակությունից հետո, ինչպես միշտ եղել է, ու այս վարչախումբը հաշվել է ընդդիմության ատամները, մենք սկսում ենք մինչև քվերկությունը՝ դեկտեմբերի մեկից․․․»,- իր ելույթում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունները ծուղակ են համարում և կարծում են, որ հենց իշխանություններն էլ ընկնելու են իրենց ծուղակը: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ամփոփելով մարզային հանդիպումների արդյունքները, ասաց, որ վստահ է՝ «ոչ»-ը հաղթելու է:

«Հաղթում ենք ամբողջ հանրապետությունով մեկ, Գյումրիի վճռականությունը տարածվել է ամբողջ երկրով մեկ, այսպիսի վիճակ երբեք չի եղել, չկա հանրապետությունում մարդ, որ գնալու է և «այո» է քվեարկելու․․․»,- իր ելույթում համոզվածություն հայտնեց Դավիթ Հովհաննիսյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ մի վերջին խնդրանքով է եկել Գյումրի:

«Մենք կրկին եկել ենք Գյումրի, մեր հայրենակիցների դուռը, եկել ենք ձեր տունը, այս անգամ վերջին խնդրանքով՝ բոլորս պիտի գիտակցենք, որ այս անելանելի վիճակից դուրս գալը չի լինելու սիստեմային տրամաբանության մեջ, ընդդիմությունը երկար տարիներ հարգել է այդ տրամաբանությունը, և 20 տարի է՝ մենք արդյունք չունենք: Բոլորս գիտենք, թե ինչպիսի համակարգ է կանգնած մեր դեմ, բռնատիրություն է կանգնած մեր դեմ: Բռնատիրությանը միայն ու միայն ժողովրդային ճնշմամբ և ընդվզմամբ հնարավոր է հեռացնել, ուրիշ ճանապարհ ես չեմ պատկերացնում»,- հյատարարեց Սեֆիլյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ դիմելով գյումրեցիներին, ասաց՝ Հայաստանը հիմա գտնվում է բախտորոշ խաչմերուկում:

«Այս խաչմերուկն ավելի կարևոր է, քան ցանկացած նախագահական և խորհրդարանական ընտրություն անգամ, որովհետև այսօր, այս տարի Հայաստանի հրապարակներում վճռվելու է մեր երկրի ապագան, պետականությունը, որակը և լինել- չլինելու հարցը»,- իր ելույթում ասաց Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի ու անհնազանդության ակցիաների մասին ընդդիմադիրնեը հստակ տեղեկություններ չեն ներկայացնում: Րաֆֆի Հովհաննիսյանից հետքրքրվեցինք՝ ինչ՞ են անելու դեկտեմբերի 1-ին և ինչու՞ չակերտներ չեն բացում:

«Ներկա դրությամբ չակերտ չկա, որ լիներ՝ կբացեի: Քաղաքական խորհորդը ինքն իր մեջ և նաև քաղաքական ու քաղաքացիական գործընկերների հետ տևական խորհրդատվությունների մեջ է, դեկտեմբերի 1 –ին ժամը վեցին մենք կներկայացնենք մեր առաջարկները ժողովրդին, և ժողովուրդն ինքը պիտի հավանություն տա այդ առաջարկին, որը, ես ենթադրում եմ՝ չի լինի միանգամյա ինչ-որ խնդիր, 1 ժամվա հարց, այլ տևական պայքար»,- ի պատասխան, ասաց «Ժառանգության» ղեկավարը:

Գյումրիի հանրահավաքից հետո նախաձեռնությունը մեկնեց Վանաձոր:

XS
SM
MD
LG