Մատչելիության հղումներ

Գինեգործները «պետական աջակցություն չեն տեսնում»


Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Կառավարությունը, մինչդեռ, պնդում է, թե խաղողագործության ու գինեգործության ոլորտներն իրենց ուշադրության կենտրոնում են, և այժմ էլ միջոցներ են ձեռք առնում՝ միտված հաջորդ տարվա հնարավոր խնդիրների կանխմանը:

Պաշտոնական տվյալներով, այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ է արձանագրվել։ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հղում է անում վիճակագրական վարչության տվյալներին, որոնց համաձայն այս տարի բերքն ավելի քան 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Վստահեցում է՝ գոհ է նաև գյուղացին․ չնայած գինու և կոնյակի գործարանները հնարավորություն չունեին, բայց, լսելով կառավարության հորդորները, ամբողջությամբ մթերել են բերքը, գումարի ավելի քան 60 տոկոսն էլ՝ արդեն վճարել։

«Վճարումների խնդիրը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Հորդորեցինք, բայց պետք է նաև հաշվի առնենք վերամշակողի վիճակը։ Մենք խնդրեցինք, հորդորեցինք, որ մթերեն, հիմա 10-20 օր հետո ստիպենք՝ ասենք վճարումները արեք։ Այդ խնդիրը նաև վերամշակողներն են հասկանում, որ ցանկացած շրջանառու միջոց պետք է ուղղվի գյուղացիների պարտքերի մարմանը», - ասում է Մակարյանը։

Մինչդեռ, Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կասկածի տակ է առնում պաշտոնական թվերը։ Ըստ նրա հաշվարկների խաղողագործներին այսօր մեկ-երկու գործարան է ամբողջությամբ վճարել, և պարտքը մարված է ոչ ավել, քան 30-35 տոկոսով։ Գինեգործների միության նախագահը զբաղվում է ինչպես խաղողի և գինու արտադրությամբ, այնպես էլ վաճառքով ու արտահանմամբ։ Տեղյակ է խաղողի մշակումից մինչև գինու արտահանում շղթայի բոլոր խնդիրներին։ - «Ամենամեծ պրոբլեմը, որ ես բախվել եմ խաղող մշակելիս, այսինքն այն բնագավառում, որին գյուղացիներն են այսօր բախվում՝ պետության աջակցություն ես չեմ զգացել»,- ասում է Հարությունյանը։

Գյուղատնտեսության փոխնախարարը պնդում է նաև, թե խաղողը մթերվել է հիմնականում 150 դրամով, թեև բերքահավաքի ժամանակ գյուղացիներն ու գյուղապետերն այլ թվեր էին նշում. միջին գինը՝ 100-120 դրամից չի անցել։

«Թերթի մի երեսը էդ ձևի է ասում, իրական կյանքն էլ մենք տեսնում ենք ոնց է լինում»,- «Ազատության» հետ զրույցներում ասում էին գյուղացիները ու հավելում․ - «Մարդ կա 100 դրամով ա վաճառել, 110-ով, 120-ով։ Այսինքն՝ առանց շահույթի է աշխատել մարդը, լավագույն դեպքում՝ եկող տարի չենք մշակի էդ այգիները, եթե էդ գնով լինի»։

Խաղողի մթերումն այս տարի մեծ խնդրի վերածվեց հիմնականում այն պատճառով, որ դեռ նախորդ տարի ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով գինեգործները Ռուսաստան չարտահանեցին պատրաստի արտադրանքն ու գործարաններում լիքը մնացին գինու տակառները։

Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, թե կառավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում՝ մինչև հաջորդ բերքահավաքի շրջանը այս խնդիրը լուծելու համար։

«Եթե այսպես շարունակվի, նորից տարողությունները չեն դատարկվի, խնդիրներ ավելի շատ կլինեն։ Այս առումով առաջիկա ամիսներին որոշակի համալիր միջոցառումներ կլինեն արտահանման, վաճառքի խրախուսման առումով, ինչպես նաև վարկային մատչելի միջոցների տրամադրման առումով, որպեսզի մեր կազմակերպությունները լինեն մրցունակ, իրենց արտադրանքը լինի մրցունակ և կարողանան իրացնել թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրների շուկաներում»,- պարզաբանում է փոխնախարարը:

Մինչդեռ, գյուղացիներն ու գինեգործները թերահավատ են: Ասում են` իրենք դեռ գարնանն են զգուշացրել, որ ոլորտում խնդիրներ են ծագելու, բայց կառավարությունից համապատասխան արձագանք չեն ստացել։ Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանն ասում է, որ գործարանը կիսատ-պռատ է աշխատում։ - «Ճիշտ չեն մոտենում գյուղատնտեսությանը։ Ուրիշ մոտեցում է պետք գյուղատնտեսության համար»,- շարունակում է գինեգործը:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ մատնանշում է հարևան Վրաստանի փորձը, որտեղ պետությունն իր վրա է վերցրել գյուղատնտեսության ռիսկերի մի մասը։

«Վրաստանը երկու բան արեց վերջին 5-6 տարում։ Առաջին՝ սուբսիդավորեց խաղողը, այսինքն խաղողի արժեքի 40 տոկոսը վճարեց գյուղացուն անկախ այն բանից՝ գործարանները կգնեին, թե չէին գնի։ Սա մեղմեց սոցիալական լարվածությունը։ Եվ պետությունը մասնավոր կառույցին կից ստեղծեց ոչ մասնավոր կառույց, որ բերքը կարողանա մշակել։ Գյուղատնտեսությունը կերակրում է էս պետությանը և սահմանը կայուն է, երբ որ հողը կայուն է, իսկ հողը կայուն է, երբ որ գյուղացին կայուն է էդ հողի վրա»,- ասում է Ավագ Հարությունյանը։

XS
SM
MD
LG