Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազությունը քրգործ հարուցեց ՀԱԿ-ի հաղորդման հիման վրա


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայ ազգային կոնգրեսը «պատշաճ քննության պարագայում» պատրաստ է բազմաթիվ այլ փաստեր ներկայացնել:

Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա, ըստ որի, փորձել է արվել կաշառել երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի ընդդիմադիր ներկայացուցչին:

Դատախազության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Լևոն Զուրաբյանի հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու հատկանիշներով: Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ցուցում է տրվել «ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար»: Լրացուցիչ պարզաբանումների համար դիմեցինք Հատուկ քննչական ծառայություն, որտեղից խոստացան ավելի ուշ հանդես գալ համապատասխան հաղորդմամբ:

Այսօր ընդունելով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի բնականոն ընթացքը ապահովելու համար դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պետք է օպերատիվ արձագանքի անձանց ընտրական իրավունքի իրացմանը ցանկացած ապօրինի միջամտությանը և պատշաճ հսկողություն սահմանի ընտրական իրավունքի իրացման ողջ գործընթացի օրինականության նկատմամբ:

Երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ինքը Գլխավոր դատախազությանն է տրամադրել տեսագրություն, որում, ընդդիմադիրների պնդմամբ, երևում է, թե ինչպես են կաշառում երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի՝ իրենց ներկայացուցչին:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ դատախազությունն այդպիսով ընդամենը օրենքով իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում: «Վերջապես, էս դեպքում, առայժմ, Գլխավոր դատախազությունը, այսօրվա իր հաղորդագրությունից այդպես է երևում, որ օրենքով սահմանված իր լիազորությունները կատարում է պատշաճորեն»:

Խաչատրյանը նաև հայտարարեց՝ ՀԱԿ-ն ունի իրենց ներկայացուցիչներին կաշառելու այլ փաստեր ևս: «Եթե Գլխավոր դատախազությունը և նրա գործողությունները կբխեն օրենքից և դատախազությունը պատշաճորեն կկատարի իր լիազորությունները և այս գործին սահմանված կարգով օրինական ընթացք կտա՝ կհարուցվի քրեական գործ, ի հայտ կբերվեն մեղավորները, կսկսվի քրեական հետապնդում, ապա մենք դատախազությանը կտրամադրենք այս տիպի այլ տեղեկություններ: Ցավոք սրտի, այդ փաստերը շատ են, տոտալ տենդենց է գնում հանձնաժողովների անդամների հետ հանդիպելու, նրանց նյութապես շահագրգռելու կամ նրանց վրա այլ ազդեցություն գործադրելու, որպեսզի հանձնաժողովի անդամները չկատարեն օրենքով իրենց վրա դրված լիազորությունները»,- շարունակեց Արմեն Խաչատրյանը:

Այսօր ասուլիս էին հրավիրել սահմանադրական փոփոխությունները մերժող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Նրանցից Արշակ Մուսախանյանը և Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը խախտել է նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը և հրաժարվել է դահլիճ տրամադրել նոյեմբերի 30-ին կայանալիք միջոցառման՝ «Ոչ»-ի երիտասարդական ֆորումի համար:

«Մեզ հենց էդպես էլ տեքստով ասել են, որ կա հրահանգ իշխանությունների կողմից՝ այդ միջոցառումը թույլ չտալու. - «Ներողություն ենք խնդրում, պատրաստ ենք ամեն ինչով օգնել, բայց մենք չենք կարող, որովհետև մենք վտանգված ենք»,- պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Հյուրանոցից չարձագանքեցին այս հայտարարությանը:

XS
SM
MD
LG