Մատչելիության հղումներ

Հանրաքվեի քարոզչությունը հավասարակշռված է սոսկ «ֆորմալ առումով»


Բորիս Նավասարդյան, արխիվ

Բորիս Նավասարդյան, արխիվ

Իրականում, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, հեռուսաեթերից գրեթե դուրս են մնում ոչ խորհրդարանական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը:

«Կարելի է ասել, որ փորձ է կատարվում կամ քաղաքական որոշում կա՝ գոնե արտաքին պատկերացումների համար ստեղծել այնպիսի պատկեր, որ ամեն ինչ հավասարակշռված է լուսաբանվում: Բայց դա ստացվում է մի քիչ ֆորմալ մոտեցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց հեռուստաեթերում քարոզարշավի լուսաբանումը դիտարկող Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ նման իրավիճակը նաև օրենսդրական բացի հետևանք է, քանի որ օրենքը խմբակցություններին է քարոզչության սուբյեկտ համարում․ - «Օրենքի տեսակետից որևէ հեռուստաալիքի որևէ պրետենզիա ներկայացնել հնարավոր չէ: Բնականաբար, այստեղ կարող են լինել ստորգետնյա խորհուրդներ, ստորգետնյա ճնշումներ, որ «Չե՛ք անցկացնի»-ին հնարավորություն մի՛ տվեք, որովհետև օրենքը չի պահանջում դա»:

Վճարովի եթերաժամի առումով, ըստ Նավասարդյանի, ակնհայտ է ռեսուրսների անհավասարությունը: Խորհրդարանական 6 խմբակցություններից միայն Հանրապետականն է, որ կարողանում է վճարովի եթերից ամենաշատն օգտվել․ - «Միայն Հանրապետական կուսակցությունը տասն անգամ ավելի է օգտագործել վճարովի եթերը վեց համապետական հեռուսաալիքներով, քան մնացած բոլոր խորհրդարանական ուժերը»:

Քարոզարշավի ֆինանսավորման առումով էլ առաջատարը ՀՀԿ-ն է: Քարոզչական հիմնադրամների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկանքի համաձայն, Հանրապետական կուսակցությունը մինչև օրս ծախսել է գրեթե 47 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Դաշնակցությունը մոտ 1 միլիոն 250 հազար դրամ է ծախսել, «Ժառանգություն»-ը՝ 1 միլիոն 300 հազար, իսկ Հայ ազգային կոնգրեսը հիմնադրամ մուտքագրված մոտ 2.5 միլիոն դրամից ծախսել է մոտ 235 հազար դրամ:

Թեև քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ ավելի քան 54 միլիոն դրամ է ծախսվել, Երևանի կենտրոնում մեզ հանդիպած քաղաքացիները պնդում էին, որ իրենց դիրքորոշման վրա քարոզչությունը չի ազդել:

XS
SM
MD
LG