Մատչելիության հղումներ

Ազատամուտում կառուցված կաթի հավաքման կետը վերածվել է պահակատան


«Հայաստան» հիմնադրամի կողմից Ազատամուտում տեղադրված ցուցանակը
«Հայաստան» հիմնադրամի կողմից Ազատամուտում տեղադրված ցուցանակը

Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասում է՝ երբեմնի բանվորական ավանում ո՛չ հող ունեն, ո՛չ էլ անասնապահությամբ զբաղվող։ Իսկ հարևան գյուղերից հրաժարվել են կաթը ցածր գնով հանձնել։

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում 7 տարի առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 45 մլն դրամ է ներդրել ու կաթի հավաքման կետ կառուցել՝ սահմանամերձ գյուղերում անասնապահությունը զարգացնելու նպատակով։

Մեծ ներդրումներով կառուցված կետը, սակայն, կարճ ժամանակ անց փակել են ու վերանորոգած շենքը քաղաքացիական պաշտպանության պահակատուն դարձրել։ Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասում է՝ երբեմնի բանվորական ավանում ո՛չ հող ունեն, ո՛չ էլ անասնապահությամբ զբաղվող։ Իսկ հարևան գյուղերից հրաժարվել են կաթը ցածր գնով հանձնել․ - «Ստեղ կաթի հավաքման կետը առնվազն օրական պետք ա 2 տոննա կաթ հավաքեր, բայց կաթ չլինելու պատճառով, էս չորրորդն ա, որ փակվել ա, Շամշադին էլ են կառուցել 3 հատ, նա էլ չաշխատեց, էս էլ չաշխատեց»։

Կաթի հավաքման կետի` այդպես էլ չգործարկված սարքավորումները մեկ տարի առաջ հանձնել են «Տավուշ» հիմնադրամին։ Դրանք գործի գցելու նոր փորձեր են անում։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը գյուղ կատարած այցի ժամանակ խոստացել է նորոգված, բայց այդպես էլ գյուղատնտեսական նպատակներով չօգտագործված շենքում նոր աշխատատեղեր ստեղծել։

«Արմեն Երիցյանը եկավ ստեղ, ասեց, որ քեզ մի ցեխ եմ տալիս, որ աշխատեն ստեղ, վերջը էս սահմանամերձ գյուղ ա, 42 տեղ արտակարգ իրավիճակներին ստեղ տեղ հատկացրեց, հիմա էդ մարդիկ ըտեղ աշխատում են», - փոխանցեց Ժորա Մարտիրոսյանը։

Գյուղապետը , սակայն, դժգոհ է․ մոտ մեկ տարի առաջ բացված քաղաքացիական պաշտպանության պահակատան աշխատողների մեծ մասը դրսից են․ - «Նախարարն ասել էր, թե Ազատամուտի տղաներին տեղավորեք, բայց էն փոքր խավի արտակարգ իրավիճակների ղեկավարնին սխալ քայլ են կատարել ու ստեղից չեն վերցրել։ Մեր ստեղի ժղովուրդը անգործ ա, էլի։ 40 հոգի տեղը տասը հոգի ա աշխատում մեզանից»:

Մոտ 4 հազար բնակիչ ունեցող գյուղում բենտոնիտի գործարանի հետ են հույս կապում, որի շուրջ էլ խորհրդային տարիներին հիմնադրվել է բանվորական ավանը։ Գործարանի տնօրեն Անատոլի Բայրամյանը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի։ Նավթի ու գազի վերամշակման համար Ռուսաստան արտահանվող բենտոնիտի արտադրությունը կազմակերպում են, բայց «դժվարությամբ, ահագին դժվարությամբ»:

Գործարանը մի քանի անգամ փակվել ու վերաբացվել է։ Այսօր 70 աշխատող ունեն։ Նոր, մոսկվաբնակ սեփականատերերը, տնօրենի խոսքով, դեռ շահույթ չեն ստանում, թեև մեր այցելության պահին տասնյակ բարձված բեռնատարները պատրաստվում էին ճանապարհ ընկնել դեպի Ռուսաստան։

«Անգամ սահմանամերձ գոտում աշխատող ձեռնարկությունների համար կառավարության սահմանած արտոնությունների պայմաններում ռուբլու արժեզրկումը նվազեցրել է շահույթը», - ասում է Անատոլի Բայրամյանը։

Գործարանի արտադրանքը մինչև այժմ գրեթե ամբողջ ծավալով Ռուսաստան են արտահանում։ Բայց հիմա, արդեն հույս չդնելով Եվրասիական տնտեսական միության ու արժեզրկված ռուբլու վրա, շուկա են փնտրում նաև Հայաստանում։ Բենտոնիտը կարող են օգտագործել ջրամբարների շահագործման համար, ասում է հակառակորդի կրակակետերի դիմաց աշխատող գործարանի տնօրենը, մատնանշելով, որ այսօր իրենց արտադրական հնարավորությունների չնչին մասն են օգտագործում։

«Երկու հոսքային գիծ ենք մի կերպ աշխատացնում, իսկ ինքը եղելա 8 հատ հոսքային գիծ։ Իսկ էդ երկու հոսքային գիծը մենք աշխատացնում ենք իրանց հնարավորությունների 50 տոկոսով», - հավելեց Բայրամյանը:

Շատ թե քիչ աշխատող գործարանն էլ սահմանին ապրող գյուղում աշխատատեղի խնդիրը չի լուծում։

«Մեր պադյեզդում, ասենք, մի 5 ապրող կա, դե 5 հարկ ա, նույնն էլ՝ մյուսներում, հազիվ 3-4 ընտանիք ա ապրում», - «Ազատությանն» ասաց Էլմիրա Գալստյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG