Մատչելիության հղումներ

Այսօր հայ հասարակությունը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին հրաժեշտը տվեց մեր թատրոնի լավագույն դերասանուհիներից Վարդուհի Վարդերեսյանին:

Նա թատրոնի բեմում էր ճիշտ 57 տարի, կերտել էր լավագույն կանացի կերպարներ, իսկ նրա Ջոնիի դերակատարումը Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում, գործընկերներից շատերի համոզմամբ, մինչև օրս անկրկնելի է:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ձևակերպմամբ՝ այսօր ավարտվեց թատրոնի մի հզոր սերնդի կենսագրությունը, սերունդ, որն իր մեջ ներառում էր Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Էդգար Էլբակյանին, Վլադիմիր Աբաջյանին և այլ անվանի արտիստների, որոնց շարքում իր պատվարժան ու հաստատուն տեղն ունի Վարդուհի Վարդերեսյանը․ - «Անսահման, անկրկնելի դիապազոնի տեր դերասանուհի․․․ Ես շատ քիչ եմ մտաբերում նման դերասանուհիների: Վարդուհի Վարդերեսյանը խաղում էր Ջոնի, միաժամանակ խաղում էր Յոթծովիմերան, դրանից առաջ խաղում էր Նաստասյա Ֆիլիպովնա ու էլի շատ ու շատ կերպարներ, որոնք բացարձակապես իրար հետ կապ չունեն: Եվ նա ամեն տեղ անկրկնելի էր, ամեն տեղ յուրատեսակ էր, յուրահատուկ էր: Երկրորդ նմանը դժվար է գտնել, դժվար է պատկերացնել»:

Սունդուկյանի անվան թատրոնը 15 տարի ղեկավարած Վահե Շահվերդյանը հպարտությամբ էր նշում, որ ինքը վերջին բեմադրիչն է եղել, որի հետ արտիստուհին մարմնավորել է անմոռանալի կերպարներ․ - «Ինձ համար Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ էպոխա է․․․ Մենք 15 տարի միասին ենք ստեղծագործել, և ես երջանիկ եմ, որ կարողացա նրա երազած դերերը իրականացնել իմ բեմադրություններում՝ իշխանուհի Մարիամը Լևոն Շանթի «Հին աստվածներում», Լյուբով Ռանևսկայան Չեխովի «Բալի այգում» և այլն»:

Թատրոնի առաջատար դերասաններից Տիգրան Ներսիսյանն ասաց, որ այսօր ողջ մեր ժողովուրդն է սգում՝ հրաժեշտ տալով իր լավագույն դուստրերից մեկին․ - «Դժվար է պատկերացնել, թե մեկ էլ երբ նման դերասանուհի կունենանք․․․ Արդեն 30 տարի է, ինչ ես բախտ եմ ունեցել տիկին Վարդուհու հետ բեմում լինել, իր հետ աշխատել: Ամեն առումով մեծ հայ, մեծ արտիստ, պահանջկոտ իր նկատմամբ, իր դիմացինի նկատմամբ, իր արածի նկատմամբ: Ինքը անվերապահորեն դասվում է մեր մեծերի փաղանգին, ովքեր նվիրեցին իրենց կյանքը մեր մշակույթին, հեռացան, բայց և համոզված եմ, որ մնացին: Որովհետև իրենք մեր մեծերը ունեին և ունեն ժողովրդի սերը, վայելում են ժողովրդի սերը, և ուրեմն համոզված եմ, որ իրենք հավերժ կմնան մեր հայ ժողովրդի հիշողության մեջ»:

XS
SM
MD
LG