Մատչելիության հղումներ

Հայաստանը կփորձի ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան


Գյուղնախարարի հանդիպումը «Սպայկա»-ի տնօրենի հետ, Երևան, 27-ը նոյեմբերի, 2015թ․
Գյուղնախարարի հանդիպումը «Սպայկա»-ի տնօրենի հետ, Երևան, 27-ը նոյեմբերի, 2015թ․

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է մսամթերք արտադրողների հետ:

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի մսամթերք արտադրողների միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարարը նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում էականորեն դյուրացվել է հայրենական արտադրանքի արտահանման գործընթացը, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն, և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:

Կարապետյանը նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։

Գյուղնախարարն այսօր նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ է քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

«Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար՝ ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը, և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար», - ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ հայկական գյուղմթերքը թեև որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ:

Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը և մսամթերքը: Բացի այդ, Կարապետյանը կարևորել է Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի տեսականին:

Ղազարյանը, իր հերթին, ասել է, որ Թուրքիայից Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Այս ենթատեքստում նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:

Նախարարը պատրաստվում է հանդիպել նաև Հայաստանում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG