Մատչելիության հղումներ

Խարդախություն՝ բանտից․ բացահայտվել է 40 դրվագ


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը, «միայնակ կամ այլ անձանց հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, տասնյակ քաղաքացիների վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել է բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր և այլ ապրանքներ», փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Այսպես՝ դատապարտյալը, պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր կողմից օգտագործվող բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանագահարել է List.am ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` iPhone տեսակի բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել տարբեր անուն-ազգանուններով և ապրանքի գումարը անկանխիկ վճարելու պայմանով (բանկային փոխանցման եղանակով) ցանկություն հայտնել գնել դրանք: Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար նույն կայքի միջոցով հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, նրանց ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն և առաջարկել իր մոտ աշխատել որպես առաքիչ` խոստանալով բարձր վարձատրություն, որից հետո վերջիններիս, արդեն որպես տնօրեն, հանձնարարել է կատարել պատվերներ և ցուցումներ տվել՝ ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ «խարդախություն»:

Նախաքննությունը շարունակվում է: «Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը և կատարում նոր խարդախություններ։ Բացի այդ, պարզվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի տարածքից նշված մեխանիզմով կատարվող խարդախության դեպքերը լայն տարածում են գտել», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ քաղաքացիներին կոչ անելով նման եղանակով գործարքներ կնքելիս զգուշավորություն ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG