Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»


Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Թբիլիսիում, 26-ը նոյեմբերի, 2015թ.

Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Թբիլիսիում, 26-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի արտգործնախարարը Թբիլիսիում հակադարձել է ադրբեջանցի պաշտոնակցին։

Երեկ Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ադրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ասել է, թե Ադրբեջանն աշխատում է համանախագահների անունից Ռուսաստանի ներկայացրած առաջարկների վրա։

«Ներկա պահին մենք աշխատում ենք համանախագահների անունից առաջարկի վրա, որը ներկայացրել է Ռուսաստանը: Հակամարտության կարգավորման կարևոր տարրերն են՝ Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերում, բռնի տեղահանվածների վերադարձ իրենց տները, Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատում։ Եվ մենք պետք է մեր քննարկումներում ուշադրությունը կենտրոնացնենք այդ տարրերի վրա։ Մեզանից յուրաքանչյուրը համաձայն է, որ չկարգավորված հակամարտությունը տարածաշրջանում համագործակցության հիմնական խոչընդոտն է», - հայտարարել է Մամեդյարովը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հակադարձելով Ադրբեջանի արտգործնախարարի վերոնշյալ պնդումներին, ասել է. - «Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնականաբար նաև` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։

Նալբանդյանը հայտարարել է, որ պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավել ևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։

«Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։ Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG