Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը


Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։

Ինչպես փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը, ելույթ ունենալով հանդիպմանը, նախարար Նալբանդյանը նշել է.- «Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և կարևորեց գործընկեր պետությունների ներգրավումը դրանում: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը»։

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար»,- նշել է Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, թե Հայաստանը ակնկալում է մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը: Հայաստանի կառավարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել՝ կնքելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիր:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - իր ելույթում շեշտել է Նալբանդյանը։

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նալբանդյանն ասել է.- «Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը»։

Ամփոփելով իր խոսքը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է.- «Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում: Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG