Մատչելիության հղումներ

Գործ ունենք «քարոզչական շատ կեղտոտ ակցիայի հետ»


Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 30-ը հոկտեմբերի, 2015 թ․.

Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 30-ը հոկտեմբերի, 2015 թ․.

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, հանցախմբի բացահայտման ժամանակ իշխանությունը «կեղտոտ հնարք» է կիրառել՝ շրջանառելով, թե հանցավոր խմբի անդամներից մեկի մոտ «Ոչ»-ի պաստառ է հայտնաբերվել:

Ընդ որում, ըստ Զուրաբյանի, այդ պաստառը որևէ քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել․ - «Ուզում են շատ կեղտոտ հնարքով հավասարություն դնեն ահաբեկչության երևույթի և «Ոչ»-ի քարոզարշավի միջև: Օբյեկտիվ լինեին՝ նման փաստ երբեք չէին հրապարակի, և այդ դեպքում կլիներ վստահություն տրվող տեղեկատվության նկատմամբ: Իսկ երբ որ ակնհայտաբար դա ցցում են, շեշտում են, սա նշանակում է արդեն, որ մենք գործ ունեն քարոզչական շատ կեղտոտ ակցիայի հետ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, հաշվի առնելով, որ տեղեկատվական դաշտում փորձ կատարվեց հանցավոր խումբը կապել «Նոր Հայաստան»-ի հետ, մտավախություն կա, որ իշխանությունը կարող է դիմել «հակաօրինական քայլերի»․ - «Դեկտեմբերի 1-ին մեր կողմից առաջարկվող համազգային մոբիլիզացիային, քաղաքացիական խաղաղ անհնազանդությանն ընդառաջ սա բացառապես հակաօրինական գործողություն է: Ցանկացած պարագայում ընդդիմության բոլոր ներկայացուցիչները գործել են և գործելու են օրինականության շրջանակներում»:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ այս պահին որևէ գնահատական տալ տեղի ունեցածին՝ ասելով, թե երեկ հաղորդագրությամբ արդեն դատապարտել են հանցավոր խմբավորումը իրենց հետ կապելու փորձերը․ - «Ես առաջիկա օրերին իմ կարծիքը կասեմ»:

Նշենք, որ ՀՅԴ կուսակցությունում նույնպես հրաժարվում են խոսել բացահայտված հանցախմբի իրական մտադրությունների մասին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որևէ վարկած չբացառեց՝ ընդգծելով, որ «հեռուն գնացող եզրակցություններ անելու համար առնվազն անհրաժեշտ ինֆորմացիա է պետք», որն այսօր բացակայում է:

Ռուստամյանը նաև չբացառեց, որ կատարվածը որևէ կերպ կարող է օգտագործվել ընդդիմադիր ուժերի դեմ․ - «Եթե ինչ-որ մի բան բացառում ես, ուրեմն լավ ինֆորմացիա ունես: Ուրեմն ոչինչ հիմա բացառել չի կարելի»:

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ որքանով են ճիշտ մամուլում հրապարակված տեղեկությունները, թե բացահայտված հանցավոր խումբը ծրագրել էր գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, և խմբի թիրախ է եղել վարչապետը, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե չի ցանկանում ենթադրություններ անել, թեև, ամեն դեպքում, ոչինչ չի բացառում:

Հարցին, թե ինչով է բացատրում հանցավոր խմբի բացահայտման շուրջ անվստահությունը հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Եթե հիշում եք, ցանկացած նման երևույթների դեպքում միշտ նման ենթադրություններ լինում են: Ես ևս մեկ անգամ հավաստիացնում եմ և համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո այդ սոցցանցերի ակտիվությունը․․․ դրանք բոլորը կմարեն»:

Հավելենք, որ այսօր Ազգային ժողովի անցակետը հսկում էին ինքնաձիգներով զինված անվտանգության աշխատակիցները: Ուժեղացված հսկողություն էր իրականացվում նաև Երևանի փողոցներում:

XS
SM
MD
LG