Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հատուկ ծառայության գնդապետի խոսքով, Ալիևի դեմ հեղաշրջում նախապատրաստող պաշտոնյաների հետևում նաև «հայեր են կանգնած»:

Մինչ Ադրբեջանի իրավապահները զբաղված են անցյալ ամիս ազգային անվտանգության նախարարությունից հեռացված, ապա ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի հետաքննությամբ, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով տեղի են ունենում նոր աղմկոտ պաշտոնանկություններ:

Այս անգամ, ինչպես և տևական ժամանակ ակնարկում էր ադրբեջանական մամուլը, պաշտոնից հեռացվում են արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ: Նախօրեին նախագահ Ալիևը արտերկրից ետ է կանչել և զբաղեցրած պաշտոններից ազատել ութ դիվանագետների՝ Ղազախստանում, Թուրքմենստանում, Էստոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Արգենտինայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպաններին, Ղազախստանի Աքթաու, Թուրքիայի Ստամբուլ քաղաքներում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսներին, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին: Դիվանագետների պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Մինչ այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է մեկ այլ գերատեսչության՝ ազգային անվտանգության նախարարության մասին շրջանառվող լուրերը, որոնց համաձայն, նախարարությունում գործել է կազմակերպված հանցավոր խումբ: «Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել են 19 բարձրաստիճան պաշտոնյաներ, մեկը տնային կալանքի է ենթարկվել, մեկի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել»,- հաղորդում է Ադրբեջանի դատախազությունը՝ հավելելով, որ այդ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով մինչ այժմ տուժող է ճանաչվել 57 մարդ: Հարուցված քրեական գործերը հիմնականում առնչվում են կոռուպցիոն գործարքների:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հատուկ ծառայության պաշտոնաթող գնդապետ Թոֆիկ Ռաջաբովը սենսացիոն մի հայտարարություն է արել, ըստ որի, երկրում իրականացվող կադրային ջարդը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է տեղի ունենում, այլ նախագահ Ալիևի վարչակազմի դեմ նախապատրաստված հեղաշրջման փորձը կանխելու: Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի խոսքով, նախագահական վերջին ընտրություններից առաջ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված բավական ազդեցիկ ճակատ է ձևավորվել, որը փորձել է տապալել Ալիևի ռեժիմը:

Ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում, որը ռուսերեն թարգմանությամբ արտատպել է «Մինվալ» լրատվական պորտալը, Ռաջաբովը պնդել է, որ այդ թիմը ուղղորդվում էր գերտերությունների հատուկ ծառայությունների կողմից: «Նրանք ցանկանում էին Ադրբեջանում կազմակերպել այն, ինչ տեղի էր ունեցել Մերձավոր Արևելքում՝ խլելով մեզնից մեր երկրի հարստությունը»,- ըստ հիշյալ հրապարակման, մասնավորապես, ասել է ադրբեջանցի նախկին պաշտոնյան:

Նա նաև պատմել է, թե երկրում հեղափոխություն իրականացնելու նպատակով 2012 թվականի փետրվարի 6-ին գաղտնի ճանապարհներով և հատուկ գործողության արդյունքում Ադրբեջան է մտել 18 միլիարդ դոլար, ինչը, սակայն, նպատակին չի ծառայել: Ռաջաբովի խոսքով՝ ծրագրված հեղաշրջման ետևում հայեր են կանգնած: «Խոսքը նաև հայկական արմատներ ունեցող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, որոնց՝ այլ հայերի հետ գաղտնի շփումներն ապացուցող փաստեր կան»,- պնդել է Ռաջաբովը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ չի՞ պատրաստվում արդյոք անուններ հրապարակել, հատուկ ծառայության ներկայացուցիչը նշել է՝ «այդ անձինք շարունակում են պաշտոնավարել Ադրբեջանում, և երկրի բարձրագույն իշխանությանը քաջ հայտնի են այդ անունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG