Մատչելիության հղումներ

«Այո»-ի փակ շտաբներ և «ոչ»-ի հակված գյուղացիներ. Տավուշցիներն ասում են՝ նախ կյանքն է պետք բարեփոխել


Թեղուտի (Տավուշի մարզ) «Այո»-ի շտաբի աշխատակից Կարինե Զարգարյանը
Թեղուտի (Տավուշի մարզ) «Այո»-ի շտաբի աշխատակից Կարինե Զարգարյանը

Նոր Սահմանադրության շնորհիվ բարեփոխվող կյանքի մասին խոստումները ընդհանրապես չեն համոզել տավուշցիներին։

Հաղարծնեցի տիկին Անժիկի տան ճակատին «Այո»-ի շտաբի մեծ պաստառ է փակցված։ Անժիկը, որ գյուղում էլցանցի հսկիչն է, հաստատեց` իր տունը «Այո»-ի շտաբ է, բայց տեղյակ չէ՝ ով է շտաբի պետը։

«Ես չեմ քարոզում, ես քարոզից շատ հեռու եմ»,- ասում է.- «Պրոստը տունը իմն ա, կպցրել են։ Էդքան բան։ Շտաբն ա, բայց չգիտեմ՝ ով ա շտաբի աշխատողը»։

Տիկին Անժիկը հեռացավ՝ անպատասխան թողնելով հարցերը, թե ինքն արդյո՞ք կողմ է սահմանադրական փոփոխություններին և թե ինչո՞ւ են հատկապես իր տունն ընտրել «Այո»-ի շտաբի համար։ Շտաբ դարձած տան դուռը կողպած էր։

Հաղարծինում «Այո»-ի ևս մի շտաբ կար, կրկին դռնփակ։ Մինչդեռ հարևան Թեղուտի «Այո»-ի շտաբը բաց էր։ Նախկին, արդեն չգործող կենցաղի տան միայն մի սեղան-աթոռով կահավորված սենյակի պատասխանատուն թեղուտցի գործազուրկ Կարինե Զարգարյանն էր։ Ասաց՝ գյուղապետարանից աշխատավարձ են խոստացել, ու պարապ չմնալու հույսով շտաբի պատասխանատուի գործն իր վրա է վերցրել։

«Գյուղապետարանն ա առաջարկել էս աշխատանքի համար, ես էլ համաձայնել եմ։ Աշխատավարձ դեռ չեմ ստացել։ Չգիտեմ՝ ինչքան կվարձատրեն։ Դե, ասել են աշխատավարձը կվճարեն, բայց թե ինչքան՝ չգիտեմ։ Դե, որ աշխատանք չկա, ասում ես՝ մի քիչ աշխատեմ, էլի, դուրս գամ»,- ասաց Զարգարյանը։

Թեղուտի գյուղապետը, որ ընտրվելուց անմիջապես հետո հանրապետական է դարձել, մեր այցելության պահին տեղում չէր։ «Ազատությանը» հեռախոսով ասաց՝ իրենից աշխատավարձ ակնկալող Կարինեին ոչինչ չի խոստացել, պնդեց անգամ, թե ինքը չի բացել շտաբը, քարոզչական աշխատանքի հետ էլ կապ չունի։

Ինքը՝ շտաբի պատասխանատու Կարինեն, դատարկ սենյակում այս ու այն կողմ էր գնում և հավատացնում, թե այցելուների պակաս չեն ունենում.- «Սահմանադրության կետերը բացատրում ենք մարդկանց, ծանոթացնում ենք»։

«Ամենակարևոր կետը ո՞րն է»,- հարցնում եմ։ «Դե, ես չեմ կարա տենց ասեմ»։ «Բա ի՞նչն եք բացատրում»։ «Աաա, դե, խնդրում եմ՝ մի նկարի...»,- հանկարծ վրդովվում է նա։

Գյուղերում բացված «Այո»-ի շտաբներից դուրս, մինչդեռ, գյուղացիները պնդում էին՝ կա՛մ չեն մասնակցի քվեարկությանը, կա՛մ էլ «ոչ» են ասելու սահմանադրական փոփոխություններին։

«Ինչի՞ համար մասնակցեմ հանրաքվեին։ Նա արդեն որոշված ա։ Ձևական ի՞նչ են անում։ Բերում են կաշառքը տալի, ամենքին մի մեշոկ ալրի փող են տալի ու գնում։ Ի՞նչ են անում»,- զայրացավ մի կին։ «Ընտրություններից առաջ նկատի ունե՞ք»։ «Այո՛, ընտրություններից առաջ։ Հետո ամեն ինչ թանկացնում են, որ էդ փողերը հավաքեն»։

«Չեմ գնալու։ Ինչի՞ս ա պետք»։ «Ոչ» ենք անելու, մեզ պետք չի», «Մասնակցիլ տենք, բայց «ոչ» տենք ասիլ ու պրծնիլ, էլի», ասում էին մյուսները։

Հաղարծինի գյուղապետարանի աշխատակից Շալիկո Թամրազյանն իր շրջապատում հարցուփորձ է արել ու եզրակացրել.- «Ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ են, որովհետև չեն վստահում էս կառավարությանը, իշխանություններին, որովհետև խոստումներ են տվել, չեն կատարում։ «Ոչ»-ը ավելի շատ կլինի երևի»։

Մոտ 10 կմ հեռու՝ Դիլիջանում ևս մեզ հանդիպածները կողմնակից չէին սահմանադրական փոփոխություններին։ Ասում էին՝ նախ կյանքն է պետք բարեփոխել, իսկ իրենք վստահ չեն, որ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում իրենց կյանքում էլ դրական տեղաշարժ կլինի։

«Բոլորն էլ «ոչ», ոչ մեկը «այո» չի ասում, ում ուզում ես հարցրու։ Ոչ մի լավ տեղաշարժ չկա, լավ բան, առաջընթաց չկա»։ «25 տարի ասում են լավ ա ըլնելու։ Ո՞ւմ հմարա լավը։ Մի քանի հոգու՝ 11 տոկոսի հմարա լավը։ Բա էն մնացածը՞»։ «Հմի իմ ջահելությունն ա Ռուսաստան, որ աշխատանք չունեն։ Դրա մասին թող մտածեն»։ «Տենց ընտանիք չկա, որ դրսում մարդ չունենա։ Իմ 3 երեխես էլ դրսում են. երեխեքս, թոռներս, փեսեքս, ախպերներս, ախպորս երեխեքը։ Մարդ չկա ստեղ»։

Դիլիջանցի տաքսիստ Արտուշն էլ որոշել է բռնել արտագաղթի ճամփան.- «Ես իմ ընտանիքը հավաքելու եմ, գնամ Ռուսաստան, արդեն տեղն էլ ա որոշված՝ ուր եմ գնալու, ինչ եմ անելու։ Էլ չեմ ուզում Հայաստան գամ»։

Սակայն ավելացնում է՝ Հայաստանում կմնա մինչև սահմանադրական հանրաքվե՝ իր ձայնին տեր կանգնելու համար.- «Գնալու եմ զուտ նրա համար, որ իմ քվեաթերթիկը ուրիշը չքվեարկի։ Գնալու եմ ու դեմ եմ քվեարկելու»,- ասաց Արտուշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG