Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ-ի և հեռախոսակապի օպերատորների հուշագիրը մտահոգություն է առաջացրել գաղտնալսումների առումով


Հուշագրի ստորագրում Քննչական կոմիտեում, 23-ը նոյեմբերի, 2015թ.

Հուշագրի ստորագրում Քննչական կոմիտեում, 23-ը նոյեմբերի, 2015թ.

Քննչական կոմիտեն օրերս հուշագիր է ստորագրել բջջային ու ֆիքսված հեռախոսակապի մի շարք օպերատորների հետ՝ հեռախոսազանգերի ու ինտերնետ ծառայությունների վերծանումները էլեկտրոնային տարբերակով ստանալու վերաբերյալ։

Քննչական կոմիտեն վստահեցնում է՝ այսպիսով քրեական գործերի քննության ժամանակ ավելի արագ ու դյուրին կդառնա անհրաժեշտ «տեղեկությունների ստացումը»։

Անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող նորաստեղծ պետական գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հիշեցնում է՝ քննչական մարմինները որևէ քաղաքացու գաղտնալսել կարող են միայն դատարանի որոշմամբ։ Նա անձնական տվյալների գաղտնիության պահպանման իրավունքի առումով մտավախություն չունի։

«Որևէ մտահոգություն չեմ տեսնում։ Իրականում ոչինչ չի փոխվել, որովհետև այսպես թե այնպես Քննչական կոմիտեն ստանում էր. նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հաղորդումների գաղտնիության իրավունքը որոշ դեպքերում կարող է սահմանափակել, սակայն միայն օրենքով՝ դատարանի որոշման հիման վրա։ Բայց դրանք ստանում էին թղթային տարբերակով։ Հիմա պարզապես նյութական կրիչն է փոխվել, թե ինչպես տեղեկությունները կտրամադրվեն Քննչական կոմիտեին։ Դա առավել արդյունավետ, արագ հիմքերի վրա կդնի ամբողջ գործընթացը»,- ասաց Դոյդոյանը։

Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը սահմանադրական իրավունք է, հիշեցնում է Դոյդոյանը՝ նշելով, որ իրենց գործակալությունը վերջերս ստեղծվել է հենց այս իրավունքի պահպանմանը հետևելու համար։

Մինչդեռ Հայաստանում մի շարք ակտիվիստներ և քաղաքական գործիչներ պնդում են՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց գաղտնալսել են առանց դատարանի որոշման։

«Ընդհանրապես մեր նման ռեժիմների դեպքում և հատկապես Հայաստանում ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսվում են։ Դա հայտնի փաստ է։ Եթե չկա որևէ վստահություն դատական համակարգի նկատմամբ, պարզ է, որ դատարանների այդ որոշումները ընդունվում են հետին թվով, երբ արդեն մարդուն մեղադրանք են ներկայացնում, ասում են՝ եղել է գաղտնալսման որոշում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Դեռ 2008-ին ընդդիմադիր, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին արտգործնախարար Արզումանյանի հեռախոսի գաղտնալսումները կցվել էին քրեական գործին։ Նրա փաստաբանի պնդմամբ՝ Արզումանյանին հետևել էին դեռ մինչև դատարանի որոշումը։ Այս տարի էլ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում կրկին կցվել էին հեռախոսային գաղտնալսումներ։ Սեֆիլյանի փաստաբանը ասում էր՝ դատարանի որոշման մասին տեղեկություն չէին ստացել։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ գաղտնիության պահպանման հարցը այսօր լուրջ խնդիր է ողջ աշխարհում, սակայն արդարադատության երերուն համակարգ ունեցող Հայաստանի նման երկրում այդ խնդիրը առավել լուրջ է։

«Դեռևս խորհրդային տարիներին բնորոշ ձևով են շարունակում աշխատել մեր հատուկ ծառայությունները։ Այս դեպքում առավել ևս վստահություն չկա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շատ հաճախ այդպիսի գաղտնի ձայնագրությունները առանց դատարանի որոշման տարբեր ձևերով օգտագործվում են»,- ասաց իրավապաշտպանը։

Այնուամենայնիվ, ապացույցներ գտնելը բարդ է, ասում է Իշխանյանը.- «Ես ուղղակի ներքին համոզմունք ունեմ, որ այդ ամեն ինչը կազմակերպվում է հատուկ ծառայությունների միջոցով՝ իշխանությունների գիտակցմամբ։ Ամեն մի, իրենց կարծիքով, վտանգավոր քաղաքացու, պոտենցիալ քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ հավաքում են այսպես կոչված կոմպրոմատ»։ Ստեղծված իրավիճակը իրավապաշտպանին Ջորջ Օրուելի հայտնի վեպն է հիշեցնում, երբ բոլորին հետևում էր բռնակալը՝ Մեծ Եղբայրը։

XS
SM
MD
LG