Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը խոսում է կեղծիքների մասին, «Այո»-ն մատնացույց է անում «Ոչ»-ի սակավամարդ հավաքները


Արշակ Մուսախանյան

Արշակ Մուսախանյան

«Ոչ»-ի ճակատը պնդում է, թե ո՛չ ընտրակաշառքը, ո՛չ էլ բազմակի քվեարկությունն այլևս չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունքը, ուստի իշխանությունները մտադիր են լցոնել «այո»-ի օգտին ու կեղծել արձանագրությունները: Պատրաստվելով տեղամասերում վերահսկման բարդ աշխատանքի՝ ընդդիմադիրները միաժամանակ խոսում են հետընտրական պայքարի մասին։

«Դեկտեմբերի 7-ին լուրջ խնդրի առաջ կկանգնեն։ Նկատի ունեմ բազմահազարանոց քաղաքացիները դուրս կգան իրենց ձայնը պաշտպանելու»,- ասում է «Չ՛եք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։

Քարոզարշավի ավարտից օրեր առաջ Մուսախանյանն ամփոփում է իրենց մարզային այցերը, երևանյան հանրահավաքները․ չեն հանդիպել գոնե մեկ «այո» ասողի՝ բացառությամբ քարոզչությամբ զբաղվող հանրապետականների։

«Քաղաքացին ընդամենը ցանկանում է մի բան, որպեսզի Սերժ Սարգսյանը հեռանա, հե-ռա-նա»,- ասաց Մուսախանյանը։

Ընդդիմադիր մյուս ճակատը՝ «Նոր Հայաստան»-ը, պայքարը սկսելու է դեկտեմբերի 1-ից՝ փորձելով հանրահավաքներով տապալել քվեարկությունը: Արդեն Երևան է ժամանել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ընդդիմադիր առաջնորդն այսօր իր գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն է վարելու, մինչ այդ հանդես է եկել տեսաուղերձով՝ դարձյալ իշխանափոխության մասին հայտարարելով.- «Այս կեղծ իշխանությունը բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա։ Իր կեղծիքը այլևս երբեք պետք չէ փաթաթի ժողովրդի վզին»։

Թեև «Նոր Հայաստան» շարժման օրակարգում հանրաքվեն չկա, «Ժառանգություն»-ը հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով փորձելու է կանխել կեղծիքները, Րաֆֆի Հովհաննիսյանը համակիրներին բացատրում է ինչու «ոչ» ասել։

«Ով «այո» դեկտեմբեր 6-ին նշի այդ թղթիկի վրա, ինքը մեղսակից կլինի այս վիճակի շարունակմանը»,- ասում է ընդդիմադիր առաջնորդը։

Իշխանական ճամբարից մատնացույց են անում «ոչ» ասողների սակավամարդ հավաքները։

«Ցանկությունը պետք է համապատասխանեցնել հնարավորությունների հետ»,- ասում է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Մելիքյանը տպավորված է մարզային իր հանդիպումներով, ասում է՝ ընտրողները գիտեն ինչու են կողմ քվեարկելու.- «Նրա համար, որ սրանով նաև պայքարում են կոռուպցիայի դեմ, արատավոր երևույթների դեմ»։

«Այո»-ի արշավին է լծված նաև ընդամենը ամիսներ առաջ փոփոխությունները կտրականապես մերժող «Բարգավաճ Հայաստան»-ը։ «Բացատրությունները լսելուց հետո, բնականաբար, մարդիկ հակվում են «այո»-ի»,- ասում է ԲՀԿ-ից Վահան Բաբայանը։

Միայն թե և՛ Հանրապետականի, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ի քարոզչական այցերը որպես կանոն առանց տեսախցիկների են ընթանում։ Ըստ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի՝ այստեղ միտում կա.- «Ե՛վ թվով, և՛ հնարավորություններով ավելի շատ ենք, և եթե փորձենք տեսախցիկների առջև խոսել, այնուհետև մոնիտորինգ եք անելու և ասելու եք՝ տեսեք դուք ավելի շատ լուսաբանվեցիք, քան թե «ոչ»-ի կողմնակիցները։ Փորձում ենք բալանսավորել, որպեսզի այդ ամենը չլինի աչք զարնող»։

XS
SM
MD
LG