Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները


Ռուսական ու թուրքական կողմերը տարբեր կերպ են ներկայացնում ռազմական օդանավի թռիչքի հետագիծը:

Ռուսական ու թուրքական կողմերը տարբեր կերպ են ներկայացնում ռազմական օդանավի թռիչքի հետագիծը:

«Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները, և բոլորը պետք է հարգեն այդ օրինական իրավունքը», - հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ խոսելով երեկ թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման մասին:

«Սիրիայի տարածքում վայր ընկած ինքնաթիռի որոշ մասեր ընկել են մեր տարածքում և վնասել են Թուրքիայի երկու քաղաքացու: Այն մասին, որ օդանավը պատկանում է Ռուսաստանին, հայտնի է դարձել միայն Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունից հետո», - հավելել է Էրդողանը:

Նա նշել է, որ Սիրիայի այն շրջանը, որտեղ խոցվել է ռաւսաստանյան ռազմական օդանավը, բնակեցված է թուրքմեններով, և այնտեղ «Իսլամական պետության» զինյալներ չկան, հետևաբար ռուսական կողմի պնդումները, թե ռազմական գործողությունները իրականացվել են ահաբեկիչների դեմ, իրականությանը չեն համապատասխանում:

Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիայի միակ նպատակը Սիրիայում խաղաղության և կայունության վերականգնումն է․ - «Մենք շարունակելու ենք ցուցաբերել մեր մարդասիրական աջակցությունը սահմանի երկու կողմերում: Մենք հաստատակամ ենք՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը միգրացիայի նոր ալիքը կանխելու ուղղությամբ: Մենք կշարունակենք ամեն ջանք գործադրել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս ռուսական կողմին մեղադրել է խաղաղ բնակչության վրա հարձակումներ իրականացնելու մեջ` «Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ: Միևնույն ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան նպատակ չունի լարվածություն առաջացնել ռուս-թուրքական հարաբերություններում, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի կարևոր գործընկերը:

Մինչդեռ իշխանության ձեռնարկած քայլերին համաձայն չեն Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մայր ընդդիմության` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր սուր քննադատությամբ է հանդես եկել իշխող կուսակցության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Կուսակցական ժողովի ժամանակ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան տապալել է իր քաղաքականությունը Սիրիայում: Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում արյուն է թափվում, իսկ Թուրքիան դարձել է այդ քաղաքականության մի մասը:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը անհանգստացնում է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հիշեցրել է, որ տարիներ առաջ արտաքին քաղաքականության մեջ ներդրված «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը հանգեցրեց «զրո հարևան» իրականությանը: Բալուքենը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը տնտեսական անդառնալի կորուստներ կբերի, ինչը Թուրքիայի քաղաքացիների վրա շատ թանկ կնստի:

Երեկ առավոտյան թուրք-սիրիական սահմանային Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը խոցվել էր թուրքական F-16 երկու կործանիչների կողմից: Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, որ խախտվել է Թուրքիայի օդային սահմանը, ուստի թուրքական կողմի գործողությունները լիովին օրինական են և արդարացված:

Թուրքիայի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Թանժու Բիլգիչը այսօր հայտարարել է, որ արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել` պայմանավորվելով հանդիպել առաջիկա օրերին:

XS
SM
MD
LG