Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հետ


Հայաստանի նախագահն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել քաղաքացիների և Հայաստանում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,- նշել է նախագահը, և որպես ասվածի վառ ապացույց, մատնանշել այս գիշեր տեղի ունեցած միջոցառումը։

Այս գիշեր Երևանում, ԱԱԾ-ի փոխանցմամբ, ահաբեկչական գործողություն է կանխվել, հանցավոր խմբավորման անդամները ձերբակալվել են։

«Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաև այս բնագավառում», - եզրափակել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահը իրավասու իրավապահ մարմիններին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական և հետևողական բնույթ կրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG